12:28 30 օգոստոսի, 2023ՀՖՖ-ն ամեն ինչ անում է՝ երկրպագուների մուտքը մարզադաշտ խոչընդոտելու համար: Նրանց ամենամեծ նպատակն է, որ ես լքեմ ֆուտբոլը, փորձում են ինձ լռեցնել, եւ ես հասկանում եմ, թե ինչու․ որովհետեւ այս տարի ընտրություններ է: Եթե ֆեդերացիայի այս կազմը եւս մեկ անգամ ընտվի եւ 4 տարի շարունակի ղեկավարել, հայկական ֆուտբոլից ոչինչ չի մնա:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Օգոստոսի 17-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» (Հայաստան) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) հանդիպման մուտքը երկրպագուների համար անվճար դարձնելուց հետո ֆուտբոլային ակումբը խնդիրներ է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Երեւանյան ակումբը կարող է զրկել նաեւ Աբովյանի մարզադաշտից, որտեղ անցկացվում են «Փյունիկի» տնային խաղերը Հայաստանի առաջնությունում:
Պարոն Սողոմոնյան, Դուք հայտարարել եք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ձեր գլխավորած ակումբին շանտաժի է ենթարկում: Ի՞նչ նոր խնդիր է առաջացել «Փյունիկի» եւ ՀՖՖ-ի միջեւ:
Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մեր խնդիրը սկսվել է դեռեւս անցած տարի եվրագավաթների ժամանակ: Ֆեդերացիան չէր աջակցում ակումբին: Նույնը կատարվեց նաեւ այս տարի: Երբ նոր էինք սկսում պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, մեզ ասացին, որ խաղալու ենք Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Խնդրեցինք տրամադրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, քանի որ Աբովյանի մարզադաշտը քիչ երկրպագու է տեղավորում: Բացատրեցինք, որ «Փյունիկի» երկրպագուները մեծամասամբ Երեւանից են: Ցանկացած ֆուտբոլային ակումբ խաղում է իր երկրպագուների համար, մենք նույնպես: Այս պարագայում Աբովյանի ստադիոնում չէինք կարող մեծ թվով երկրպագուների ներկայությունն ապահովել խաղերին:
Փորձեցինք նաեւ պատգամավոր ընդգրկել այս հարցին: Նամակ գրեցինք, բայց այստեղ էլ մերժում ստացանք: ՀՖՖ-ն արձագանքեց, որ ՈւԵՖԱ-ի հետ Աբովյանի մարզադաշտն արդեն հաստատված է: Դժվար չէր հաստատել նոր ստադիոն, որովհետեւ վարկանիշով «Հանրապետական» ստադիոնն ավելի բարձր է, մասնավորապես, որ «Հանրապետականն» այդ շրջանում ազատ էր, չէր օգտագործվում, այնտեղ խաղեր չէին անցնում: Ամեն դեպքում ՀՖՖ-ն մեզ մերժեց: Առաջին խաղն անցկացրինք Աբովյանում եւ հազիվ կարողացանք տեղավորել մեր երկրպագուներին: Շատերը նաեւ չկարողացան մարզադաշտից հետեւել խաղին:
Երբ արդեն շվեդական «Կալմարի» հետ պետք է խաղայինք, հասկացանք, որ Աբովյանի մարզադաշտը երկրպագուների համար լուրջ խնդիր կլինի: Խնդրեցինք նախապես գալ խաղին, բայց այս դեպքում էլ 1000 երկրպագու չկարողացավ մարզադաշտում տեղ գտնել: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը մեզ հետ անցավ այդ ամենի միջով եւ տեսավ այդ տխուր վիճակը: Մարդիկ եկել էին ընտանիքներով, պապիկներ, ֆուտբոլիստների կանայք, որոնք չէին կարողանում մարզադաշտ մտնել: Տեղ չկար: Ստիպված շատերը հետ վերադարձան:
«Կալմարի» հետ խաղից հետո խնդրի մասին բարձրաձայնեցինք, որից հետո Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» - «Բուդյո-Գլիմտ» հանդիպման համար մեզ տրամադրվեց «Հանրապետական» մարզադաշտը:
Ինչպես միշտ, եվրագավաթների տնային հանդիպումների տոմսերի վաճառքի կազմակերպումը ֆեդերացիան վերցնում է իր վրա: Խաղից երեք օր առաջ ՀՖՖ-ն մեզ անհասկանալի նամակ ուղարկեց, որտեղ մոտավոր ասվում էր, որ ֆեդերացիան չի կազմակերպի տոմսերի վաճառքը: Հեռախոսով փորձեցի պարզել, թե ինչ է կատարվում: Ասացին, որ վերեւից հրաման է եկել՝ «Փյունիկին» չօգնել, ֆեդերացիան չի աջակցելու տոմսերի վաճառքի հարցով:
Պարզ էր, որ մենք չէինք հասցնելու երեք օրվա ընթացքում ինքնուրույն կազմակերպել վաճառքը, նույնիսկ չունեինք տրիբունաների տեղերը: Կարողացանք հասնել նրան, որ մեզ տրամադրեն երեք գույնի տոմսեր երեք տրիբունաների համար: Խաղից մեկ օր առաջ էլ դիմեցինք խնդրանքով, որ բացեն «Հանրապետականի» տոմսարկղերը, դնենք մեր մարդկանց եւ իրականանցնենք վաճառք խաղի օրը: Այստեղ էլ մեզ մերժեցին՝ պատասխանելով, որ արգելված է, ֆեդերացիան չի թույլատրում օգտագործել տոմսարկղերը:
Ես հասկանում էի, որ խաղին շատ մարդ կգա, տեղում տոմս կառնի եւ ներս կմտնի, բայց չեն կարող, որովհետեւ մեզ այդ իրավունքը չեն տվել, չենք կարող մարդկանց տոմսեր բաժանել: Ստիպված որոշում կայացրինք հանդիպման մուտքը դարձնել անվճար, իսկ ովքեր առցանց տոմսեր են գնել, հետ վերադարձնենք նրանց գումարը: Բացեցինք մարզադաշտի դռները, որպեսզի երկրպագուները գան խաղին:
Իրավունքն ունեի՞ք, օրենքով թույլատրվա՞ծ էր:
ՈւԵՖԱ-ի օրենքով իրավունք չունեինք երրորդ փուլի խաղն անցկացնել առանց տոմսերի վաճառքի: Սա լուրջ խախտում է, որի պատճառով ակումբը տուգանվեց մեծ գումարով:
Այս որոշումից հետո մեկնաբանեցի, թե ինչու այդպես վարվեցինք: ՀՖՖ-ն պատասխան նամակով մեզ սպառնաց զրկել նաեւ Աբովյանի մարզադաշտից: Ըստ նամակի՝ ակումբի եւ ՀՖՖ-ի միջեւ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը մեզ տրամադրելու պայմանագրում կետ կա, որով ֆեդերացիան իրավունք ունի միակողմանի խզել այն եւ թույլ չտալ խաղալ Աբովյանում: Այսինքն՝ որոշել են, որ եթե Արթուր Սողոմոնյանը կամ Եղիշե Մելիքյանը շարունակեն քննադատել ֆեդերացիայի գործունեությունը, մեզ կզրկեն մարզադաշտից:
Հայաստանի առաջնությունը խաղում ենք Աբովյանի մարզադաշտում: Պարտաճանաչ վճարում ենք վարձակալության գումարը, երկրպագուներ ենք բերում: Սա լրիվ այլ գործընթաց է: Իսկ այն, որ ֆեդերացիան սխալներ է անում, մենք էլ, որպես ֆեդերացիայի անդամ, իրավունք ունենք այդ սխալների մասին բարձրաձայնել, մեր կարծիքն ասել, լրիվ այլ գործընթաց է:
«Փյունիկն» իր հերթին արձագանքեց ՀՖՖ-ի նամակին, որ ֆեդերացիայի թույլ տված սխալների մասին շարունակելու ենք բարձրաձայնել, այն էլ՝ փաստերով, սպասելիքներով, որ սխալները կվերանայվեն: Մենք որեւէ այլ նպատակ չենք հետապնդում:
ՀՖՖ-ն հերթական նամակն ուղարկեց՝ նշելով, որ էթիկայի հանձնաժողովը գործ է հարուցում ինձ վրա, որպես «Փյունիկի» սեփականատիրոջ եւ Եղիշե Մելիքյանի վրա, որպեսզի մեզ պատժեն:
Մեր պատասխանը չուշացավ, հայտնեցինք մինչեւ վերջ պայքարելու մասին, նաեւ նշեցինք, որ հարկ եղած դեպքում կդիմենք Միջազգային մարզական վճռաբեկ դատարան (CAS): ՈւԵՖԱ-ի փորձառու իրավաբանների հետ քննարկել ենք խնդիրը, նրանք տեղյակ են, նամակագրությունը տեսել են եւ մեզ ասացին, որ կարող ենք հաղթել այս գործը, քանի որ ՀՖՖ-ն իրավունք չունի այսպիսի գործ հարուցել մեզ վրա:
Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՖՖ-ն:
Ստացվում է, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է՝ երկրպագուների մուտքը մարզադաշտ խոչընդոտելու համար: Այնպես են անում, որ երկրպագուները չգան ֆուտբոլ դիտելու, իրենց նախընտրած թիմին երկրպագելու: Ֆեդերացիան անում է ամեն ինչ, որ ֆուտբոլը Հայաստանում չզարգանա: Եթե մենք «Հանրապետականի» դռները չբացեինք, «Փյունիկ» - «Բուդյո-Գլիմտ» խաղն անցնելու էր 400-500 երկրպագուներով: Այսպես 7000-ից ավելի երկրպագու եկավ: Ճիշտ է, չկարողացանք հաղթել, նորվեգական թիմը շատ ուժեղ էր, բայց տղաները պայքարեցին մինչեւ վերջ, խաղը շատ հետաքրքիր անցավ:
Թե ինչ նպատակ է հետապնդում ՀՖՖ-ն, շատ պարզ է: Այս տարի ընտրություններ է, նախագահ է ընտրվելու: Լիարժեք հասկանում եմ ֆեդերացիայի քայլերը: Նրանք լուրջ պատրաստվում են, որ մնան այդ պաշտոնին: Իմ կարծիքով, այդպիսի մարդիկ չպետք է մնան նախագահի պաշտոնում: Մինչեւ նման մարդիկ ղեկավարում են ֆուտբոլը, Հայաստանից ներդրողները հեռանում են: Հայաստանի բարձրագույն խմբից 5 թիմ դուրս է եկել, 4-ը մարզերի ակումբներն են: 5 թիմ լքեցին, որովհետեւ հնարավոր չի ֆեդերացիայի հետ աշխատել: ՀՖՖ-ն մոռանում է, որ մենք ենք նրանց ընտրում: Նրանք ամեն ինչ դարձնում են քաղաքականություն եւ ուզում են թելադրել, ոչ միայն, թե ինչպես պետք է աշխատենք, այլ նաեւ՝ ինչն ասելու իրավունք ունենք, ինչը՝ ոչ:
ՀՖՖ-ի խնդիրը Դու՞ք եք:
Գիտեմ, որ նրանց ամենամեծ նպատակն է, որ ես լքեմ ֆուտբոլը: Ամեն ինչ դրա համար անում են, բայց ես ունեմ պարտականություն ֆուտբոլիստների, ծնողների, երկրպագուների առջեւ: «Փյունիկը» Հայաստանի ամենամեծ, ամենաճանաչված ակումբն է: Երեւանից բացի, ունենք 4 մասնաճյուղ, ֆուտբոլով զբաղվող շուրջ 1700 երեխա:
Պատրաստ ենք ավելացնել, զարգացնել ֆուտբոլը, բայց նրանք ամեն ինչ անում են, որ չկարողանանք աշխատել: Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, աբսուրդ է: Ակումբը փորձում է երկրպագու բերել ստադիոն, ֆեդերացիան ինձ վնասելու համար, խոչընդոտում է: «Հանրապետականում» ես ֆինանսապես մեծ վնաս կրեցի, բայց պատրաստ էի միայն նրա համար, որ երկրպագուները գային եւ աջակցեին թիմին, հետաքրքիր խաղ դիտեին:
Այս ամենի մասին չի կարելի լռել: Եթե ֆեդերացիայի այս կազմը եւս մեկ անգամ ընտրվի եւ 4 տարի շարունակի ղեկավարել, հայկական ֆուտբոլից ոչինչ չի մնա: Շատ տխուր վիճակ է:
Փորձում են մեզ զրկել Հայաստանի առաջնությունից: Եթե ըստ այդ նամակի՝ մեզ զրկեն Աբովյանի մարզադաշտից, կնշանակի մենք հնարավորություն չենք ունենա տնային խաղեր անցկացնել: Սա նշանակում է, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնության խաղերից էլ կզրկվի, որովհետեւ չենք կարող խաղերի կեսը չանցկացնել: Իմ կարծիքով, սա հանցագործություն է ֆուտբոլի եւ հայ երկրպագուների նկատմամբ:
Ի՞նչ քայլեր եք նախատեսում անել, ինչպե՞ս եք պայքարելու:
Ես փաստերով կշարունակեմ ապացուցել, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը իրավունք չունի շարունակել ղեկավարել: Այս 4 տարվա մեջ, ինչ նրանք ղեկավարում են, շատ մեծ կորուստներ ունեցանք հայկական ֆուտբոլում, մանկապատանեկանում: Ցավոք, ձայները տալիս են ֆեդերացիայի անդամները, որոնցից շատերն ինչ-որ ձեւով քաշված են նրանց կողմը: ՈւԵՖԱ-ի գումարներն են տալիս, իսկ, օրինակ, «Փյունիկը» գումար չի ստանում: Այն ակումբները, որոնք ձայն են տալիս իրենց, փոխհատուցում են դաշտ սարքելով, լույս անցկացնելով եւ այլն: Ինչ-որ ձեւով այդ պրոցեսը տեղի է ունենում:
Մենք հիմա ապրում ենք այնպիսի պետությունում, որ ֆուտբոլի մեջ էլ է խառնվում ղեկավարությունը, քաղաքականությունը: Ինձ համար տարբերություն չկա՝ ֆեդերացիայի ղեկավարությունը որ կուսակցությունից է լինելու: Կարեւոր է, որ ով էլ լինի, գոնե մի քիչ ստրացավ լինի հայկական ֆուտբոլի նկատմամբ, գոնե մի քիչ անտարբեր չլինի, մի բանով տանի առաջ, մենք կողքից կօգնենք:
Այս ամենի մասին երկար ժամանակ չէի ցանկանում բարձրաձայնել, դուրս հանել: ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն տեղյակ են խնդրի մասին, չնայած նրանց իրավասությունների մեջ չի մտնում միջամտելը, քանի որ ներքին խնդիր է: Չէի բարձրաձայնում, որովհետեւ ամոթ էի զգում, որ հայը հայի դեմ կարող է այդպես վարվել: Համարում եմ, որ այս իրավիճակում լռելը նույն բանն է, ինչ մասնակից լինելը: Ես գտնում եմ, որ Հայաստանում ֆուտբոլն ավիրվում է եւ չի կարելի լռել:
Ինձ հետ ոչ ոք չի գալիս երկխոսության, հակառակը՝ փորձում են ինձ լռեցնել: Եթե դեկտեմբերին այս կազմը նորից ընտրվի, 4 տարուց ֆուտբոլը Հայաստանում մեծ կորուստներ կունենա: Որպես օրինակ՝ հայկական ֆուտբոլի լավագույն աստղ Հենրիխ Մխիթարյանը չցանկացավ շարունակել խաղալ ազգային հավաքանում եւ բոլորը գիտեն, որ պատճառը ֆեդերացիայի այսօրվա ղեկավարությունն է:
Ես պաշտոն չեմ ուզում, իմ ակումբն ունեմ, իմ անձնական գումարներն եմ ծախսում: Գլխավոր նպատակս Հայաստանում ֆուտբոլի զարգացումն է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.