11:11 12 օգոստոսի, 2023Փոքրերը ուժեղ են: Եթե այսպես շարունակեն, առաջ չընկնելով՝ ասեմ, որ հայկական սպորտային մարմնամարզության ապագան շատ լավն է լինելու: Ինչ վերաբերում է Համաշխարհային ուսանողական խաղերին, արդյունքներից այդքան էլ գոհ չեմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախօրեին է վերադարձել Չինաստանի Չենդու քաղաքից, որտեղ որպես մրցավար սպասարկում էր Համաշխարհային ուսանողական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարը: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Ունիվերսիադա 2023-ին մասնակցում էր երկու մարմնամարզիկով, սակայն պայքարն ավարտել է առանց մեդալի: Նույն օրերին Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվում էր Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը: Մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 մասնակցով նվաճել է 6 մեդալ:
Պարոն Սերոբյան, Համաշխարհային ուսանողական խաղերից վերադարձաք առանց մեդալի: Ամփոփեք Արթուր Ավետիսյանի եւ Գագիկ Խաչիկյանի մասնակցությունը:
Համաշխարհային ուսանողական խաղերում մեր տղաները լավ արդյունքներով դուրս եկան եզրափակիչ, բայց մրցակցությունն իսկապես շատ մեծ էր եւ մեդալ չկարողացանք նվաճել: Արթուր Ավետիսյանը գրավեց 4-րդ տեղը օղակների վարժությունում: Եզրափակիչում նա վաստակեց 14, 833 միավոր: Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերում վաստակեց 13,866 միավոր եւ պայքարն ավարտեց 5-րդ տեղով:
Ի՞նչը չբավականացրեց մեդալ նվաճելու համար:
Արթուր Ավետիսյանն արեց իմ ամենալավ կատարումը: Նա վաստակեց շատ բարձր միավոր: Քանի որ Չինաստանում էր անցնում, առաջին-երկրորդ տեղերում չինացիներն էին: Երրորդ տեղը գրավեց աշխարհի գործող չեմպիոնը: Ավետիսյանը նրան զիջեց բարդությունով, 1-տասնորդական:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչիկյանին, իր հնարավորություններից ցածր մասնակցեց: Գագիկի վարժությունը շատ ուժեղ էր: Որակավորման փուլում ընկավ նժույգից, բայց բարձրացավ եւ լավ կատարումով ավարտեց: Այդպես եզրափակիչ մտավ, ինչը չլսված բան էր: 80 մասնակից կար նժույգ թափերի վրա, Գագիկ Խաչիկյանը 8-րդ տեղով մտավ եզրափակիչ: Եթե լավ կատարեր վարժությունը, միանշանակ կհավակներ մեդալի: Գագիկի վարժության բարդությունը բարձր էր: Եզրափակիչում չհասկացա՝ նրա հետ ինչ կատարվեց, ուղղակի մասնակցեց: Շատ լավ մարզավիճակում էր, շատ լավ էր պատրաստվել: Գագիկ Խաչիկյանն ինչ-որ հոգեբանական խնդիր ունի: Լարվածությունը երեւի շատ էր: Վրաստանում հավաքի ժամանակ ամեն օր երեք անգամ անում էր իր վարժությունը: Թե ինչն է նրա մոտ խնդիրը մրցահարթակում, ինձ համար հանելուկ է:
Արթուր Ավետիսյանից շատ գոհ եմ: Վերջին 4-5 տարում նա իր ամենալավ կատարումն է արել: Իր մրցակիցներին զիջում է միայն բարդությամբ: Նա չէր կարող ավելին անել: Արել է հրաշալի ու կարեւոր չի, թե որերրորդ տեղն է գրավել:
Ունիվերսիադայի օրերին զուգահեռ անցկացվում էր Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը, որտեղից Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձավ 2 ոսկե, 4 բրոնզե մեդալներով: Ի՞նչ կասեք երիտասարդների մասին:
Փառատոնի պատմության մեջ մեդալների այսպիսի քանակ չէր եղել: Իմ տեղեկություններով Եվրոպական օլիմպիական փառատոնում նախորդ անգամ ոսկե մեդալ ունեցել էինք տասը եւ ավել տարի առաջ, հստակ չգիտեմ, թենիսից: Ունեցել ենք 2-րդ, 3-րդ տեղեր, բայց այսպիսի արդյունքներ չէինք ունեցել:
Երեք մասնակից ունեինք, երեքն էլ մեդալներով են վերադարձել, թիմային երրորդ տեղ ենք զբաղեցրել: Թիմային բրոնզե մեդալակիր դառնալը շատ մեծ հաջողություն էր: Սա բոլորը պետք է հասկանան: Թիմային երրորդ տեղը, այսինքն երեքն էլ բրոնզե մեդալակիր, հավելյալ առանձին գործիքներում երեքն էլ մեդալակիր: Երկու չեմպիոն ունենալ նույնպես շատ մեծ հաջողություն է:
Թիմային պայքարը շատ բարդ էր: Երեք մասնակցից լավագույն երկուսի արդյունքն էր գնում հաշվարկ: Մեր թիմից Ռոբերտ Գյուլումյանը մասնակցում էր միայն երկու գործիքի վրա՝ ազատ վարժություն եւ հենացատկ: Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 4 գործիք էին անում: Համլետը զուգափայտի վրա միամիտ 1 բալանոց վրիպում թույլ տվեց: Եթե Գյուլումյանն էլ մասնակցեր զուգափայտի վրա, Համլետի ձախողումը հաշվարկի մեջ չէր մտնի: Համլետի մոտ նժույգ թափերը լավ չստացվեցին, էլի մեկի միավոր կորցրինք: Իմ հաշվարկներով, մեր թիմը առաջին տեղի համար պայքարելու հնարավորություն ուներ, եթե այս երկու վրիպումները չունենայինք: Մեր ուժերը մեզ թույլ էին տալիս:
Համլետ Մանուկյանի մասնակցությունից դժգոհ եմ: Այո, նա դարձավ օղակների վարժության հաղթող, բայց իր հնարավորություններից քիչ մասնակցեց: Նժույգ թափերում եզրափակիչում ընկավ գործիքի վրայից եւ գրավեց 4-րդ տեղը: Ընդհանուր գոհ եմ, փոքրերը ուժեղ են: Եթե այսպես շարունակեն, առաջ չընկնելով ասեմ, որ շատ լավն է լինելու հայկական սպորտային մարմնամարզության ապագան:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.