10:06 12 հուլիսի, 2023Երազում եմ մեծ թենիսիստ դառնալ, ինչպես Ռոջեր Ֆեդերերը: Շատ եմ սիրում թենիսը, ուրիշ ոչինչ չեմ սիրում աշխարհում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Ին կորտ Ֆիզիկա» թենիսի ակումբի սան, 9-ամյա Սարգիս Ավետիսյանը, որն այս ամիս դարձել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթող։ Նախորդ 2 ամիսների ընթացքում նա մասնակցել է 6 մրցաշարի եւ տարել նույնքան հաղթանակ մենախաղում եւ զուգախաղում:
«Ես թենիս շատ եմ սիրում: 7 տարի հաճախում եմ թենիսի: Այս մարզաձեւն ինձ համար ամենակարեւորն է, թենիսից բացի, ուրիշ ոչինչ չեմ սիրում աշխարհում: Երազում եմ մեծ թենիսիստ դառնալ, լինել լավագույնը, ինչպես Ռոջեր Ֆեդերերը:
Վերջին մրցաշարերում միայն հաղթանակներ եմ տարել՝ 6 մրցաշար անընդմեջ: Շատ եմ ուրախանում, երբ հաղթում եմ, հպարտություն եմ զգում:
Առաջին անգամ կորտեր այցելել եմ հայրիկիս հետ, որը թենիսի մարզիչ է: Հետո հեռուստացույցով դիտեցի Ռոջեր Ֆեդերերի խաղը եւ սիրեցի այս մարզաձեւը, որոշեցի, որ ես էլ պետք է թենիսիստ դառնամ: Ինձ թենիսում դուր է գալիս հարվածը գնդակին»,- ասաց 9-ամյա Սարգիսը:
Սարգիս Ավետիսյանի անձնական մարզիչը նրա հայրն է՝ «Ին կորտ Ֆիզիկա» ակումբի մարզիչ Կարեն Ավետիսյանը: Մարզիչ-հայրիկի կարծիքով, մարզաձեւի նկատմամբ 9-ամյա Սարգիսի սերը գենետիկական է:
«Թենիսի նկատմամբ սերը փոխանցվել է ընտանիքից: Նա փոքր տարիքից սպորտի մեջ է եղել: Զուհագեռ զբաղվել է թենիսով եւ ըմբշամարտով: Հետագայում որոշեց, որ ցանկանում է միայն թենիսով զբաղվել: Այս որոշումը նրանն է եղել, ստիպողաբար չի եղել: Ես նրան առաջարկել եմ, թե որն է ցանկանում շարունակել եւ բացատրել եմ, որ չի կարող զուգահեռ թենիսով եւ ըմբշամարտով զբաղվել, քանի որ շատ տարբեր մարզաձեւեր են: Նրա ընտրությունը կանգնել է թենիսի վրա:
Արդեն ունի լավ արդյունքներ: Նախորդ մրցաշարերում միայն հաղթանակներ է տարել: «Ին կորտ Օրանժ» ակումբի մինչեւ 10 տարեկանների առաջնությունում չեմպիոն է դարձել: Հաղթել է Կարմիր խաչի «Դավթյան» թենիսի ակումբի գարնանային բաց առաջնությունում, «Արարատ» եւ «Ին կորտ Ֆիզիկայի» ակումբների բաց առաջնություններում: Հունիսի 27-ին մինչեւ 12 տարեկանների մեջ հաղթել է ֆեդերացիայի գավաթի խաղարկության զուգախաղում, հուլիսի 2-ին՝ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում մենախաղում՝ մինչեւ 10 տարեկանների մեջ: Հուլիսի 10-ին էլ դարձել է Գյումրիի մինչեւ 10 տարեկանների բաց առաջնության հաղթող: Այս հաղթանակները գերազանց արդյունք են իր տարիքային խմբում:
Սարգիսի արդյունքներն այս տարի են աճել: Մինչեւ այդ, հանդես էր գալիս մինչեւ 12 տարեկանների մեջ եւ պայքարում էր իրենից 1-2 տարի ավագների հետ: Այժմ մասնակցում է 9-10 տարեկանների մեջ:
Սարգիսն իսկապես թենիսի մեծ սիրահար է, հեռուստացույցով ոչ մի մրցաշար բաց չի թողնում: Ապրում է այս մարզաձեւով: Փորձում է իր խաղաոճը գտնել, որը ինքս ոչ թե որպես հայր, այլ մարզիչ, նմանեցնում եմ Ֆեդերերին: Ձգտում է նմանվել:
Այս պահին չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի նրա մարզական կարիերայի ապագան: Ամեն ինչ առջեւում է:
Շատ խնդիրներ ունենք: Ամենամեծ խնդիրը ֆինանսի հետ է կապված: Մենք շատ շնորհալի երեխաներ ունենք, հեռանկարային պատանիներ ունենք, որոնց ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Տարբեր տարիքային խմբերում ունենք լավ երեխաներ եւ ֆինանսական մեծ խնդիրների պատճառով չենք կարողանում այս երեխաներին միջազգային մրցաշարերում փորձ ձեռք բերելու հնարավորություն տալ: Թենիսը մեծ ֆինանս է պահանջում: Ֆեդերացիայի կողմից ունենք աջակցություն, բայց շատ քիչ է եւ չի բավականացնում տարվա կտրվածքով միջազգային մրցաշարերի մասնակցության համար: Այդ ամենի համար մեզ հարկավոր են հովանավորներ, որը չունենք: Տեղի մրցաշարերի մասնակցության համար ոչ մի ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, բայց դրսի մրցաշարերը ծախսատար են»,- ասաց Կարեն Ավետիսյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.