22:37 9 հուլիսի, 2023Աբխազիա - Արցախ խաղը պաշտոնապես հետաձգվել է: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ConIFA-ից ստացել է հետաձգելու որոշման գրավոր պատասխանը եւ թույլ տվել մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 30-ը անցկացնել հանդիպումը որեւէ դրական տեղաշարժ Արցախում ունենալու դեպքում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում Արցախից ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:
Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան նամակով դիմել էր ConIFA-ին եւ Աբխազիայի ֆեդերացիային՝ հուլիսի 10-ին D խմբի Աբխազիա - Արցախ հանդիպմումը հետաձգելու խնդրանքով, քանի որ հայտնի պատճառներով Արցախի հավաքականը նշանակված օր չէր կարող մասնակցել:
Օրերս ConIFA-ն պատասխանել է Արցախի ֆեդերացիային՝ թույլ տալով հետաձգել հանդիպումը:
«Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհի արգելափակման եւ անկայուն իրավիճակով պայմանավորված, ConIFA-2024 աշխարհի առաջնության ընտրական փուլի D խմբի հուլիսի 10-ի Աբխազիա - Արցախ հանդիումը պաշտոնապես հետաձգված է: ConIFA-ի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոյից պատասխան նամակ ենք ստացել, որտեղ ասվում է, որ խաղը հասկանալի պատճառներով հետաձգվում է:
ConIFA-ն մեզ թույլ է տալիս մինչեւ հոկտեմբերի 30-նն անցկացնել հանդիպումը, Արցախում ցանկացած դրական տեղաշարժի դեպքում նշանակել օր: Ուրախ ենք, որ խաղը հետաձգված է, այս պարագայում որեւէ արդյունք չի գրանցվում: Ըստ ConIFA-ի, խաղը կարող է տեղի ունենալ մինչեւ իրենց նշանակված օրը:
Այս պարագայում, թե որտեղ տեղի կունենա D խմբի հանդիպումը, հայտնի չէ: Հստակ նշված չէ, որ այն պետք է անցկացվի Սուխումիում: Կարող է նաեւ այլ վայրում լինել, շատ ավելի լավ կլինի, որ մինչ այդ ամեն ինչ կարգավորված լինի Արցախում եւ խաղն անցկացնենք մեզ մոտ:
Հավաքականն այժմ շարունակում է բնականոն հունով մարզումները»,- ասաց Մհեր Ավանեսյանը:
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու D խմբի Աբխազիա - Արցախ ընտրական հանդիպումը նախատեսված էր հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.