10:14 4 հուլիսի, 2023Ի սկզբանե մտավախություն ունեի, որ աշխարհի առաջնությունից հետո բռնցքամարտիկները չեն վերականգնվի: Եվրոպական խաղերում պարտություններից հետո բոլորիս տրամադրությունն ընկած է, բայց ես վստահ եմ, որ առնվազն 3 օլիմպիական ուղեգիր մենք կունենանք: Ես թիմին հասկացել եմ, իրենք էլ ինձ են հասկացել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հայաստանի ներկայացուցիչները ձախողվեցին Եվրոպական երրորդ խաղերում, որն օլիմպիական վարկանիշային էր բռնցքամարտիկների համար: Հայաստանի բռնցքամարտիկները պարտվեցին քառորդ եզրափակիչներում ՝ չնվաճելով նաեւ օլիմպիական ուղեգրեր:
Պարոն Աղամալյան, ո՞րն էր ձախողման պատճառը Եվրոպական խաղերում:
Ես ի սկզբանե մտավախություն ունեի, որ աշխարհի առաջնությունից հետո մեր տղաները չեն վերականգնվի: Աշխարհի առաջնությունում ունեցանք շատ մենամարտեր, որոնցից հետո որքան կարողացանք վերականգնեցինք, պահեցինք տղաներին, ծանրաբեռնվածություն տվեցինք: Տեսեք՝ չորս բռնցքամարտիկ երկու մենամարտ արեց, վերջին քայլին ինչ-որ բան նրանց պակասեց: Նշեմ նաեւ, երկու հոգու դեպքում չենք պարտվել: Մեր տղաները չեն տարվել, բայց նաեւ չեմ ասի, որ մեր ձեռքից տարել են հաղթանակները: Այդպես ստացվեց: Ցավալի պարտություն էր Նարեկ Մանասյանինը: Նա էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու այդպես ստացվեց, արդյունքում պարտվել է: Դավիթ Չալոյանից ավելի շատ էին սպասումներս:
Քառորդ եզրափակիչում պարտությունները հոգնածությամբ էին պայմանավորվա՞ծ:
Ոչ թե հոգնած էին, այլ մի քանիսն ավելի շատ «վառված» էին, շատ էին ուզում ուղեգիր նվաճել, ինչը նրանց խանգարեց: Ես գտնում եմ, որ պարտությունների պատճառը տղաների չվերականգնվելու մեջ էր: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 բռնցքամարտիկները, մասնավորապես, չէին հասցրել վերականգնվել: Այստեղ մենամարտերն իրար հաջորդում էին ամեն օր: Տղաները իրար հետեւից երկու օր լարված մենամարտեր ունեցան եւ հաղթանակներ տարան: Բոլորն էլ պայքարել են մինչեւ վերջ:
Դուք նաեւ կանանց հավաքականի պատասխանատուն էիք Եվրոպական խաղերում: Ի՞նչ կասեք աղջիկների մասին:
Աղջիկների մասին ի՞նչ կարող եմ ասել... Ճիշտ կլինի, որ նրանց մարզիչն ասի: Իմ կարծիքով, նրանք պարտվեցին այսօրվա դրությամբ իրենցից երկու անգամ ուժեղ մրցակիցներին: Բոլորը պարտվեցին մեկնարկային մենամարտերում: Ես ոչ թե կանանց թիմի պատասխանատուն էի, այլ նրանք մարզվել են մեզ հետ, տղաների հավաքականի հետ:
Պարտությունները սովորաբար վերագրում են մարզիչին: Դուք ինչպե՞ս եք տանում այս ձախողումը:
Լավ չեմ տանում, միանշանակ: Ես գիտեմ՝ ինչն էր սխալ, գիտեմ բոլոր պատճառները՝ ինչ է, ինչպես է, մեկնաբանել եմ, տեսել եմ: Նաեւ տեսել եմ, թե աշխարհի առաջնությունից հետո որ երկրների ներկայացուցիչներն այստեղ լավ մենամարտեր անցկացրին: Եվրոպական խաղերում հիմնականում լավ մենամարտեր անցկացրին այն բռնցքամարտիկները, որոնք աշխարհի առաջնությունում շուտ էին պարտվել եւ լքել պայքարը, բացի երկու ֆրանսիացիներից: Այստեղ այդքան աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դուրս մնացին պայքարից հենց առաջին օրվանից:
Ովքեր ասում են՝ մարզիչն է մեղավոր, իրենց գործն է: Մարդ կա, բռնցքամարտից ընդհանրապես ոչինչ չի հասկանում, գաղափար չունի եւ ասում է այդ բանը: Ուշադրություն չեմ դարձնում: Ես մեկնաբանում եմ իմ աշխատանքը, վերլուծում եմ՝ որն է սխալ, որը՝ ճիշտ, որպեսզի ունենանք օլիմպիականներ:
Այդ առումով բռնցքամարտիկների վրա ճնշում կա՞ր, որ Խաղերը օլիմպիական վարկանիշային էին:
Կար մեծ պատասխանատվություն, քանի որ սա մեր առաջին վարկանիշային մրցաշարն էր Փարիզ-2024-ի համար: Ճնշում կար, ներքին ճնշում էր, եւ տղաներն անպայման ուզում էին նվաճել ուղեգիր: Պարզ է, որ որքան շուտ ուղեգիր նվաճես, այնքան ազատ եւ հանգիստ կպատրաստվես Օլիմպիական խաղերին: Այսքանով ճնշումը մեծ էր:
Քառորդ եզրափակիչներում պարտություններից հետո ի՞նչ ասացիք բռնցքամարտիկներին հանդերձարանում:
Բոլորի հետ խոսել եմ, հարցրել եմ՝ ո՞րն էր պատճառը, լավ պատրա՞ստ չէիք, բոլորն ասացին՝ լավ պատրաստ էինք: Ես նրանց հասկացել եմ, իրենք էլ ինձ են հասկացել: Զգացի՝ մի քանիսը «վառվել» էին շատ մեծ ցանկությունից:
Այսպես մեկնաբանեմ. աշխարհի առաջնությունը Եվրոպական խաղերից կրկնակի ուժեղ մրցաշար էր, եւ մենք այնտեղ երկու մեդալ նվաճեցինք: Այնտեղ 11 մենամարտ ենք հաղթել, այստեղ՝ 9:
Բոլորիս տրամադրությունն ընկած է, այդպես կվերադառնանք Հայաստան: Սա սպորտ է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Ես վստահ եմ, որ առնվազն երեք օլիմպիական ուղեգիր կունենանք: Դա կլինի հաջորդ տարի: Դեռ երկու վարկանիշային մրցաշար ունենք: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ ՀԲՖ-ի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.