Կնյազ Իբոյանը կամային հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ եւ նվաճեց ոսկե մեդալ (ֆոտո, վիդեո)

21:40   2 հուլիսի, 2023

Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Առաջին մրցափուլում Իբոյանը միավոր չվաստակեց: Գոտեմարտի մեկնարկում թուրք մրցակիցը 2-միավորանոց հնարքով բացեց հաշիվը: Երկրորդ մրցափուլի ավարտից վայրկյաններ առաջ Կնյազ Իբոյանը 2 միավոր վաստակեց եւ առավելություն ձեռք բերեց մրցակցի նկատմամբ: Վերջին 4 վայրկյանում կողային մրցավարը 1 միավոր ավելացրեց թուրք ըմբիշի հաշվին Իբոյանի կողմից խախտում անելու համար: Հայ մարզիչները չելենջ գցեցին, կողային մրցավարները բավարարեցին բողոքարկումը եւ թուրք մրցակցի հաշվից հանեցին 1 միավորը: Հաշիվը դարձավ 2:2՝ Իբոյանի վերջին հնարքի առավելությամբ:

Գոտեմարտի վերջին վայրկյանին Իբոյանին հաջողվեց դուրս բերել մրցակցին աշխաատանքային գոտուց, բայց ժամանակը սպառվեց եւ մրցավարը սուլեց: Թուրք ըմբիշի մարզիչները չելենջ գցեցին. ըստ նրանց Հայաստանի ներկայացուցիչը քաշել էր մրցակցի մարզահագուստից: Մրցավարները չբավարարեցին չելենջը եւ 1 միավոր ավելացրին Կնյազ Իբոյանի հաշվին:

Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիր պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Իբոյանը 10:1 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիեւին:

Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Լեւիկ Միքայելյանը (61 կգ),  Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ),  բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.