13:12 29 հունիսի, 2023Բաքվում անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում կզրկվենք համաշխարհային վարկանիշային մրցաշարից: Ամեն ինչ կախված է աշխարհի առաջնության արդյունքներից: Այս պահին դեռ որեւէ հստակ դիրքորոշում չունենք՝ կգնանք Բաքու, թե ոչ: Լավ կլինի, Բաքու մեկնելու կարիք չունենանք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:
Հունիսի 28-ին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հաստատեց 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը, որոնք տեղի կունենան հաջորդ տարի։ Եվրոպական վարկանիշային մրցաշարը կընդունի Բաքուն (36 ուղեգիր), իսկ համաշխարհային վարկանիշային մրցաշարը՝ Ստամբուլը (54 ուղեգիր)։
«Բաքվում անցկացվելիք առաջին վարկանիշային մրցաշարը լուրջ խնդիր է մեզ համար: Ըստ UWW-ի կանոնակարգի, եթե մի վարկանիշային մրցաշարում մասնակից չունենանք, մյուսում մասնակցել չենք կարող: Նույն հաջողությամբ, եթե մի քաշային կարգում առաջին վարկանիշայինում ներկայացուցիչ չունես, հաջորդում այդ քաշում մասնակից չես կարող ունենալ:
Սեպտեմբերին Բելգրադում անցկացվելիք աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր են նվաճում լավագույն հնգյակի ըմբիշները: Այսինքն՝ աշխարհի չեմպիոնը, փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրները եւ 5-րդ տեղը զբաղեցնողը: 5-րդ տեղը որոշվելու է բրոնզե մեդալակիրներին պարտված երկու ըմբիշների առանձին գոտեմարտով: Հաղթողը կնվաճի օլիմպիական ուղեգիր:
Բաքվում անցկացվելիք Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները՝ ոսկե եւ արծաթե մեդալակիրները:
Ստամբուլում անցկացվելիք համաշխարհային վարկանիշային մրցաշարում ուղեգիր նվաճում են եզրափակիչ դուրս եկածները եւ լավագույն երրորդ տեղ զբաղեցնողը: Այսինքն՝ բրոնզե մեդալակիրները եւս մեկ գոտեմարտ են անցկացնում եւ հաղթողը նվաճում է օլիմպիական ուղեգիր:
Մեզ համար Բաքվում շատ բարդ է լինելու: Պարզ է, որ խոչընդոտներ են լինելու: Եթե գնանք էլ, շատ դժվար է լինելու: Ես երկու անգամ եղել եմ այնտեղ: Շատ ծանր է լինում հոգեբանորեն: Օդանավակայանից արդեն դժվար է, հոգեբանորեն գիտես՝ ուր ես գնում»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:
Անդրադառնալով UWW-ի կանոնակարգին, ՀԸՖ գլխավոր քարտուղարի խոսքով, այդպես է արվում, որպեսզի բոլոր մրցաշարերում մեծ մասնակցությունն ապահովվի:
«Այս կանոնակարգը եղել է բոլոր տարիներին եւ վերաբերում է պատանիներին, մինչեւ 17, մինչեւ 20 տարեկաններին եւ մեծահասակներին: Եվրոպայի առաջնությունում 8 մասնակից ունեցար, այդքան մասնակցից ավելի չես կարող ունենալ աշխարհի առաջնությունում: Օլիմպիական տարում՝ քանի մասնակից ունեցար աշխարհի առաջնությունում, այդքան պետք է լինի վարկանիշային մրցաշարերին: Եթե մի վարկանիշայինում ոչ մի քաշում ներկայացուցիչ չես ունենում, արդեն երկրորդում հայտ չես կարող տալ»,- պարզաբանեց Արայիկ Բաղդադյանը:
Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ֆեդերացիան Բաքու մեկնելու վերաբերյալ, ՀԸՖ գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ որոշումը միայն ֆեդերացիայից կախված չէ:
«Այս պահին ֆեդերացիան քննարկումների փուլում է նախարարության, օլիմպիական կոմիտեի հետ: Դեռ կհասկանանք՝ ինչ ենք անելու: Սա միայն ֆեդերացիայի որոշումը չի լինելու: Պետությունը կորոշի. եթե մեր գնալը պետք է լինելու, ուրեմն կգնանք: Այս պահին շեշտը դրված է աշխարհի առաջնության վրա, որից հետո ամեն ինչ պարզ կլինի:
Կանոնակարգում չկա կետ, որ նման իրավիճակներում թշնամի երկրներն ունենան արտոնություններ, բայց այստեղ կան բայցեր... Եթե կարիք լինի, կզանգահարենք նաեւ միջազգային ֆեդերացիայի նախագահին, աշխարհի առաջնությունում կհանդիպենք նրա հետ, բանակցություններ կտանենք»,- մանրամասնեց Արայիկ Բաղդադյանը:
Սեպտեմբերին Բելգրադում անցկացվելիք աշխարհի առաջնությունում ամեն օլիմպիական քաշային կարգում կվիճարկվի 5 ուղեգիր։ Հունահռոմեական ոճում օլիմպիական քաշային կարգերն են՝ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ, ազատ ոճում՝ 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ ՀԸՖ-ի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.