14:02 25 հունիսի, 2023Ֆուտբոլի Արցախի հավաքականը պատրաստվում է Աբխազիայի դեմ ընտրական հանդիպմանը: Խնդիրը միայն Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումն է, բայց հավատում ենք, որ մինչեւ այդ կբացվի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:
Ֆուտբոլի Արցախի հավաքականը պետք է ընտրական հանդիպում անցկացնի Աբխազիայի հավաքականի հետ։ Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական հանդիպումը նախատեսված է հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում:
«Չնայած ներկայիս վիճակին, փակ ճանապարհին, մեր հավաքականը պատրաստվում է ConIFA-ի՝ Ախբազիայի հավաքականի հետ հանդիպմանը: Կազմակերպել եւ անցկացնում ենք հավաք, մարզումներ, ամեն ինչ արվում է բարձր մակարդակով: Միակ խոչընդոտն այս բլոկադան է: Սպասում ենք, որ Աստծո հաջողությունով ինչ-որ դրական քաղաքական որոշում կլինի եւ կշարժվենք առաջ:
Հավաքականը նախապատրաստական փուլի մեջ է: Այսօր ավարտվում է առաջին հավաքը: Երկկողմանի խաղով է ավարտվում առաջին փուլը եւ այժմ նստած հետեւում ենք խաղին: Երկրորդ հավաքը նախատեսված է Աբխազիա մեկնելուց առաջ։ Այդ հավաքով արդեն նպատակային կպատրաստվենք այդ խաղին:
Նախատեսում ենք մեկնել, մենք պատրաստվում ենք: Եթե այս իրավիճակը շարունակական բնույթ կրի, եւ մենք չկարողանանք դուրս գալ, ուրեմն չենք մասնակցի, ինչը լուրջ խնդիր է ֆուտբոլի համար, որովհետեւ սպորտը քաղաքականության մեջ չի:
Արցախի հավաքականը 28 արցախցի ֆուտբոլիստներից կազմված թիմ է: Հավաքին մասնակցում են բոլորը: Օրական երկու անգամ մարզումներ են անում: Ըստ մարզչական խմբի ներկայացրած ծրագրի պատրաստվում են Սուխումիում անցկացվելիք խաղին: Ոչ մի խնդիր չունենք, տեխնիկական, ֆինանսական բոլոր հարցերը լուծված են, միայն սպասում ենք, որ ճանապարհը բացվի:
Ամեն ինչով ապահովված ենք, հավաքականը ոչնչի պակաս չունի, մարզական գույքով, սնունդով, ամեն ինչով ապահովված ենք: Քանի որ խոսքը հավաքականի մասին է, ամեն ինչի պատրաստք ենք թիմով, մարզչական եւ ղեկավար կազմով, ինչ էլ լինի, թեկուզ սնունդ էլ չունենանք, մենք պատրաստվելու ենք այդ խաղին:
Եթե այս իրավիճակը չլիներ, Աբխազիայի հետ կխաղայինք այստեղ, մեզ մոտ: Իրավիճակով պայմանավորված ConIFA-ի կողմից որոշում է եղել խաղն անցկացնել Աբխազիայում:
Ամեն ինչ նորմալ է, միակ խնդիրը մեր այս շրջափակված վիճակն է: Հավատում եմ մեր ղեկավարությանը, որ այս ազգի համար ամեն ինչ պետք է անեն»,- ասաց Մհեր Ավանեսյանը:
Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2024-ին Քուրդիստանում (Հյուսիսային Իրաք)։
Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիս-հունիսին Արցախում անցկացվել էր Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունը (ConIFA Euro-2019)։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.