Արսեն Հարությունյան․ Գլխավոր նպատակս 57 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալն է

18:02   17 հունիսի, 2023

Այս պահին գլխավոր նպատակս 57 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալն է։ Որ աշխարհի չեմպիոն դարձա, օլիմպիական ուղեգիրն էլ կլինի։ 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, որը Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում դարձավ ոսկե մեդալակիր։

Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների պայքարում տպավորիչ հաղթանակներով նվաճեց ոսկե մեդալ։

«Շատ լավ մրցաշար ստացվեց։ Տպավորություններս շատ բարձր են, հատկապես, որ հանդես էի գալիս 57 կգ քաշային կարգում։ Ինձ համար գերխնդիր էր լավ մասնակցելը, հաղթանակներ տոնելը, որպեսզի ինքս ինձ ապացուցեի՝ կապ չունի, թե որ քաշում ես մասնակցում, ցանկության դեպքում կարող է հաղթել։ Եթե լինի ցանկություն, նպատակ, ուրեմն ամեն ինչ կարող ես հաղթահարել, հաղթել։

Երեւի 4 տարի կլիներ, որ Հայաստանում մրցման չէի մասնակցել։ Զգացողություններս այլն էին։ Շատ մեծ աջակցություն կար տրիբունաներից, որը շատ տպավորիչ էր։ Նաեւ նկատեցի, որ դահլիճում շատ փոքր երեխաներ կային, որոնք ոգեւորվեցին իմ հաղթանակով։ Եզրափակիչից հետո, երբ հաղթեցի, մոտեցա նրանց, բոլորին ձեռքով ողջունեցի, անգամ չէի ցանկանում դահլիճից դուրս գայի, երբ տեսա նրանց ուրախությունը։

Ուզում եմ, որ բոլոր այս երեխաները, որոնք սիրում են ըմբշամարտը, հիանում են մեր հաղթանակներով, թող իրենց երազանքներին հավատարիմ լինեն, որովհետեւ այս կյանքում չկա ոչինչ, որ չի կատարվում։ Եթե ցանկությունը մեծ է ու մենք հավատարիմ ենք լինում մեր երազանքներին, ամեն ինչ կատարվում է։

Եւս մեկ անգամ օլիմպիական քաշային կարգում քայլ արեցի, որպեսզի ես եւ իմ մարզիչները հավատանք, որ աշխարհի առաջնությունում ավելի լավ է լինելու։ Գնում եմ դեպի օլիմպիական ուղեգիր։

Այս պահին իմ գլխավոր նպատակը 57 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալն է։ Որ աշխարհի չեմպիոն դարձա, օլիմպիական ուղեգիրն էլ կլինի, բայց բուն նպատակս այժմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է։ Ես երկու անգամ բրոնզե մեդալակիր եմ դարձել 61 կգ քաշային կարգում»,- ասաց Արսեն Հարությունյանը։

Եզրափակիչում Հարությունյանը 11։1 հաշվով պարտության էր մատնել վրացի Գեորգի Գեգելաշվիլիին եւ նվաճել Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը։ Արսեն Հարությունյանին ոսկե մեդալով պարգեւատրեց Ստեփան Սարգսյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։