Եվրո-2024․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուելսին, Ռանոսն ու Սելարայանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

00:41   17 հունիսի, 2023

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Կարդիֆում մրցեց Ուելսի հավաքականի հետ։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով։

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը։ Աչքի ընկավ անգլիական «Լիդս Յունայթեդի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը (տեսանյութ)։

19-րդ րոպեին գեղեցիկ գոլով հավասարությունը վերականգնեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող  Հրանտ-Լեոն Ռանոսը, որին գոլային փոխանցում կատարեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։

66-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Հրանտ-Լեոն Ռանոսը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

73-րդ րոպեին Ուելսի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարի Ուիլսոնի գոլի շնորհիվ (տեսանյութ), սակայն արդեն 3 րոպե անց Հայաստանի հավաքականի չորրորդ գոլը խփեց Լուկաս Սելարայանը, որը դարձավ դուբլի հեղինակ (տեսանյութ)։  Գոլային փոխանցում կատարեց Հայաստանի չեմպիոն «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Ռանոսն առաջին պաշտոնական հանդիպումն է անկացրեց ազգային թիմում։ Կիպրոսի դեմ ընկերական խաղում նորամուտը նշած Ռանոսը նույնպես դուբլի հեղինակ էր դարձել։

Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 3 միավորով նախավերջինն է։

D խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, երրորդ տուր, D խումբ

Ուելս - Հայաստան՝ 2:4

Դենիել Ջեյմս, 10, Հարի Ուիլսոն, 72 - Լուկաս Սելարայան, 19, 75, Հրանտ-Լեոն Ռանոս, 30, 66

Հեռացում՝ Կիֆեր Մուռ (Ուելս), 78

Լատվիա - Թուրքիա՝ 2:3

Էդուարդ Էմսիս, 51, Կրիստերս Տոբերս, 90+4 - Աբդուլքերիմ Բարդաքչի, 23, Ջենգիզ Ունդեր, 61, Իրֆան Կահֆեջի, 90+5

Մրցաշարային դրություն․ Թուրքիա՝ 6 միավոր, Ուելս՝ 4, Խորվաթիա (2 խաղ,)` 4, Հայաստան (2 խաղ)՝ 3, Լատվիա՝ (2 խաղ)՝ 0:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.