Կարեն Աղամալյան․ Կանանց հավաքականը մարզվում է տղամարդկանց թիմի հետ համատեղ իմ գլխավորությամբ

19:22   13 հունիսի, 2023

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպական խաղերում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարի 6 մասնակցով։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Կանանց հավաքականը Եվրոպական խաղերին պատրաստվում է Կարեն Աղամալյանի գլխավորությամբ։ Հավաքականի մարզչական շտաբում փոփոխություններ են տեղի ունեցել, եւ կանանց թիմին մրցավայր կուղեկցի Կարեն Աղամալյանը։

«Աշխարհի առաջնությունից հետո կանանց հավաքականը մարզվում է տղամարդկանց հավաքականի հետ համատեղ իմ գլխավորությամբ։ Այժմ էլ միասին հավաք ենք անցնում «Օլիմպավանում»։ Այստեղից թիմով կմեկնենք Լեհաստան։

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են Փարիզ-2024-ի համար։

Կանանց հավաքականից Եվրոպական խաղերում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ),  Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Անի Հովսեփյանը (70 կգ): 

Կանանց աշխարհի առաջնությունից հետո մինչեւ Եվրոպական խաղերի ավարտը թիմի հետ կաշխատեմ ես։ Ծաղկաձորի հավաքում եւս աղջիկները մեզ հետ էին։

Աղջիկները նորմալ մարզավիճակում են։ Վատ չի։ Ծաղկաձորում լավ աշխատանք են արել։ Դեռ մարզումային օրեր ունենք, աշխատելու տեղ կա։

Աղջիկներից սպասելիքներ ունենք, ուղեգրեր նվաճելու  հնարավորություն ունեն, գուցե ավելի շատ, քան տղաները, որովհետեւ իմ կարծիքով կանանց բռնցքամարտը Եվրոպայի առաջնությունում ավելի թույլ է, քան աշխարհի կամ Ասիայի առաջնություններում։ Իրենք էլ շատ ոգեւորված են եւ այդպես էլ մարզվում են։

Հունիսի 18-ին ավարտում ենք հավաքը, կմեկնենք հունիսի 19-ին։

Բռնցքամարտի մրցումային օրերը Եվրոպական խաղերում սկսվում են հունիսի 23-ից», - ասաց Կարեն Աղամալյանը։

Եվրոպական խաղերը տեղի է ունենալու հունիսի 23-ից հուլիսի 3-ը Լեհաստանի Կրակով քաղաքում:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.