«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ինտերին» եւ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (ֆոտո, վիդեո)

00:55   11 հունիսի, 2023

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 1:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին» (տեսանյութ

Հենց սկզբից «Մանչեսթեր Սիթին» խլեց տարածքային եւ խաղային առավելությունը՝  59 տոկոս գնդակի վերահսկողությամբ։

Մանչեսթերյան թիմն առաջին խաղակեսում 2 հարված կատարեց «Ինտերի» դարպասին, սակայն վստահ խաղաց կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը հետ մղեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի հարվածները։

30-րդ րոպեին վնասվածք ստացավ Կեւին Դե Բրույնեն, որին փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

56-րդ րոպեին հարկադրված փոփոխություն կատարեց «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։ Վնասվածք ստացավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որին փոխարինեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփեց 68-րդ րոպեին։ Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոն։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ 84-րդ րոպեին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայաստանցի ֆուտբոլիստը։

«Ինտերը» 3 անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, նախորդ անգամ՝ 2010 թվականին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։ 

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր»՝ 1:0 (տեսանյութ)

Ռոդրիգո, 68



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։