Բենուր Փաշայանի հուշամրցաշար. Մաքսիմ Մանուկյանը, Սլավիկ Գալստյանն ու Շանթ Խաչատրյանը՝ ոսկե մեդալակիրներ (ֆոտո, վիդեո)

16:39   31 մայիսի, 2023

Մրցագորգ վերադարձած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Բենուր Փաշայանի հուշամրցաշարի չեմպիոնի կոչումը եւ հաստատեց իր տեղն ազգային հավաքականում։

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարում Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ դարձավ ոսկե մեդալակիր։

Հաղթող դարձան նաեւ Սլավիկ Գալստյանը եւ Շանթ Խաչատրյանը։

Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գանիբովի հետ։ Առաջին մրցափուլից հետո աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը պարտվում էր 0:3 հաշվով։ Երկրորդ մրցափուլում պարտերում 4  միավորանոց գցում կատարեց, ապա ժամանակից շուտ հաղթեց տուշեով։ Մրցագորգ վերադարձած Մաքսիմ Մանուկյանին երկրպագուները շատ ջերմ ընդունեցին։ 

Տեւական դադարից հետո ոսկե մեդալակիր դառնալուց բացի Մաքսիմ Մանուկյանը պարգեւատրվեց լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակով։

Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգի եզրափակիչում 7:6 հաշվով թիմակից Հայկ Մելիքյանին։

72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եզրափակիչում 8:0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ Արարատ Վարդերեսյանի նկատմամբ։

Բենուր Փաշայանի հուշամրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Ռոբերտ Կիրակոսյանը (55կգ), Արարատ Վարդերեասյան (72 կգ) եւ Աշոտ Կիրակոսյանը (77 կգ)։ Հայաստանի հավաքականի եւս 9 ըմբիշ արժանացավ բրոնզե մեդալի։

Բենուր Փաշայանի հուշամրցաշարի արդյունքներով կորոշվի սեպտեմբերին Սերբիայում անցկացվելիք  աշխարհի առաջնության կազմը։ Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։