«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը (տեսանյութ)

00:54   25 մայիսի, 2023

Միլանի «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» նկատմամբ` երկրորդ տարին անընդմեջ դառնալով գավաթակիր։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը (տեսանյութ)։ 29-րդ (տեսանյութ) եւ  37-րդ րոպեներին (տեսանյութ) աչքի ընկավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Նա խփեց 100-րդ եւ 101-րդ գոլերն «Ինտերում», պահանջվեց 235 հանդիպում։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։ Նա վերականգնվում է ազդրի մկանային վնասվածքից հետո։

Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տիտղոսը նվաճեց «Ինտերում»։ Այս մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ դարձել է նաեւ Իտալիայի սուպերգավաթակիր։ Անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։

Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ինտերը» 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր «Պարմային», քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության էր մատնել «Ատալանտային», կիսաեզրափակիչում էլ երկու հանդիպումների արդյունքում պայքարից դուրս էր թողել Թուրինի «Յուվենտուսին»՝ 1:1, 1:0։

Անցած տարվա եզրափակիչում միլանյան թիմը 4:2 հաշվով պարտության էր մատնել Թուրինի «Յուվենտուսին»։

«Ինտերն» այս մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 3 - Լաուտարո Մարտինես, 29, 37



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.