Արթուր Ալեքսանյան․ Ունեմ մեկ նպատակ՝ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն

14:04   3 մայիսի, 2023

Ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը: Այն, ինչ չստացվեց Տոկիոյում, կանեմ Փարիզում եւ դրա համար ինձանից կախված ամեն ինչ կանեմ: Մեր հավաքականն աշխարհի ուժեղագույններից մեկն է: Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե մեդալը շատ լուրջ արդյունք է Հայաստանի համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Օլիմպիական չեմպիոնը Զագրեբում 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Եվրոպայի առաջնությունում 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի համար շատ լուրջ արդյունք է: Մեր հավաքականն աշխարհի ամենալավ հավաքականներից մեկն է, ամենալավ մարզիչներն ունի եւ ամենաուժեղներից է:

Իմ բոլոր հաղթանակներն իր տեղն ունեն: Ամեն մի հաղթանակի համար մեծ աշխատանք եմ կատարում մարզիչների հետ միասին:

Մրցակցությունը միշտ է ուժեղ: Ինչպես նախորդ Եվրոպայի առաջնությունները, այս մեկն էլ բարդ էր, կար պայքար:

Մեկ ամսից սկսվելու են հավաքները: Մարզիչները կորոշեն, թե ինչ մրցաշարի կմասնակցենք եւ պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը: Ամեն ինչ անելու ենք, որ աշխարհի առաջնությունում մեծ հաղթանակների հասնենք եւ ուրախացնենք մեր ազգին:

Ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը: Ես շատ լավ էի պատրաստվել Օլիմպիական խաղերին, լիարժեք պատրաստ էի հաղթանակին, բայց կիսաեզրափակիչում ստացած վնասվածքս շատ խանգարեց ինձ եզրափակիչում:

Փարիզի-2024-ին ես պատրաստվում եմ արդեն Տոկիո-2020-ից հետո: Մեկ նպատակ ունեմ. այն, ինչ Տոկիոյում չստացվեց, անել Փարիզում եւ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Դրա համար ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ այդ նպատակիս»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Զագրեբում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 5:1 hաշվով հաղթել է աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։