ԿԳՄՍՆ-ը Ֆորմուլա 1-ին կոչ է արել մաս չդառնալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը

21:23   27 ապրիլի, 2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը անցկացվելիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։

Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարանը 2023թ.-ի փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Առ այսօր, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120.000 հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայ բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։

Բաքվում «2023 Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Ֆորմուլա 1-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.