Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը՝ Եվրոպայի չեմպիոնական տիտղոսների մասին

14:24   25 ապրիլի, 2023

Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ու Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թեւանյանը խոսել են Եվրոպայի առաջնությունում իրենց մեծ հաղթանակների մասին:

Ապրիլի 18-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թեւանյանը նվաճեց իր առաջին ոսկե մեդալը մեծահասակների ԵԱ-ում: Եզրափակիչում Թեւանյանը 12:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Մ23 աշխարհի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի նկատմամբ:

«Այս մեդալը շատ սպասված էր ինձ համար: Մի քանի տարի չկարողացա մասնակցել Եվրոպայի առաջնություններում: Շատ ուրախ եմ ոսկե մեդալի համար: Անցկացրի 4 գոտեմարտ: Մրցելույթներիցս գոհ եմ: Ճիշտ է՝ կա հաղթանակ, ոսկե մեդալ, բայց կան նաեւ սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ:  Վստահություն կար, որ կհաղթեմ:

Եզրափակիչ գոտեմարտից մեկ օր առաջ՝ ապրիլի 16-ին հայրիկիս ծնունդն էր: Այդ օրը, երբ խոսում էինք, ասաց՝ «ինձ համար ամենամեծ նվերն այն կլինի, որ դու այս Եվրոպան վերջապես հաղթես»: Իմ ծնողների համար էլ այս մեդալը շատ սպասված էր: Բոլորն էին սպասում, ոգեւորում ինձ, որ հաղթեմ: Ուզում եմ այս հաղթանակը նվիրել բոլոր նրանց, ովքեր սպասում էին, հավատում, ինձ ոգեւորում եւ իմ հաղթանակով ուրախանում:

Հետեւում եւ ուրախանում էի Երեւանում զուգահեռ անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ընկերների հաջողություններով: Մեր ազգի, հայրենիքի համար այսպիսի հաղթանակները շատ եմ կարեւորում, որպեսզի աշխարհում եւ Եվրոպայի հայ չեմպիոնները շատ լինեն»,- ասաց Վազգեն Թեւանյանը:

Ապրիլի 19-ին Զագրեբում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ալբանացի Զելիմխան Աբակարովին:

 «Իմ մրցելույթները Եվրոպայի առաջնությունում գնահատում եմ լավ: Հոգեբանորեն եւ ֆիզիկապես լավ էի պատրաստվել: Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտս, որտեղ մրցակիցս աշխարհի չեմպիոն էր: Ես ինքս ինձ պետք է ապացուցեի, որ   կարող եմ հաղթել: Այս Եվրոպայի առաջնությունից հետո քաշային կարգս փոխելու եմ 57 կգ, իսկ մրցակիցս 57 կգ քաշային կարգի գործող աշխարհի չեմպիոնն էր: Ինձ համար նրան հաղթելը շատ կարեւոր էր, որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, որ այդ քաշային կարգում եմ լավ մասնակցել:

Վերջին 6 վայրկյանում հասկացա, որ հաղթել եմ: Նայեցի ժամանակին, զգացի, որ մրցակցիս ձեռքերում այլեւս ուժ չկա, չի կարող հնարք անել, այդ ժամանակ արդեն երեքը ցույց տվեցի, որ եռակի Եվրոպայի չեմպիոն եմ: Շատ էի ուրախացել, ուրախությունից ցույց տվեցի երեքը:

Առաջիկայում ունեմ մի մրցաշար, որտեղ ինձ փորձելու եմ 57 կգ քաշային կարգում: Եթե լավ հանդես գամ կմասնակցեմ աշխարհի առաջնությանը: Կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Այդ ընթացքում Երեւանում ծանրորդներն էին մեծ հաղթանակներ տոնում: Այնտեղից հետեւում էի: Իմ եզրափակիչ գոտեմարտից առաջ Երեւանում ունեցանք չեմպիոն, որն ինձ շատ ոգեւորեց: Այստեղի հաղթանակներն ինձ օգնեցին, որ ես էլ ավելի լավ ելույթ ունենամ Զագրեբում»,- նշեց Արսեն Հարությունյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։