Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց Եվրոպայի առաջնության 6-րդ ոսկե մեդալով (ֆոտո)

23:12   23 ապրիլի, 2023

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ըմբիշը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Նրա պատվին Զագրեբում բարձրացավ Հայաստանի դրոշը եւ հնչեց հիմնը:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովը:

Բրոնզե մեդալակիրներ՝ Միխայիլ Կաջայա(Սերբա), Արթուր Օմարով (Չեխիա):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Զագրեբում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 5:1 hաշվով հաղթեց աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Անձնական մարզիչը հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ., 2017 եւ 2022 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն,  Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն:

2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 5 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

2016 թվականից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:

Ամուսնացած չէ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։