Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր (ֆոտո, վիդեո)

19:23   20 ապրիլի, 2023

Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 89 կգ քաշայինների պայքարում  Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 374 կգ արդյունք (178+196):

2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 167 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջող կատարելուց հետո, Հայաստանի մարզիչները երկրորդ մոտեցման համար պատվիրեցին 173 կգ, որը եւս շատ վստահ կատարեց: Երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 178 կգ՝ 4 կգ-ով շրջանցելով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կարլոս Նասարին: Պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ-ով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում 27-ամյա ծանրորդը մեկնարկեց 190 կգ-ով եւ գլխավերեւում վստահ ֆիքսեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 6 կգ-ոց քայլ կատարեց: Կարապետյանը հաջողությամբ հրեց նաեւ 196 կգ-ը:

Երրորդ մոտեցման համար Կարապետյանը պատվիրեց 211 կգ, բայց ձախողեց: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն է:

89 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց բուլղարացի Կարլոս Նասարը երկամարտի 395 կգ արդյունքով: Նասարը երկամարտում սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ հրում վարժության երիտասարդների աշխարհի ռեկորդ:

Բրոնզե մեդալակիր դարձավ մոլդովացի Մարին Ռոբուն երկամարտի 364 կգ արդյունքով (166+201):

89 կգ քաշային կարգի А խմբի մեկնարկում վնասվածքների պատճառով պայքարից հրաժարվել էին Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իտալացի Անտոնինո Պիցոլատոն եւ Ալբանիայի ներկայացուցիչ Կրենար Շորաժը, Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Դոմբրովսկին:

Անդրանիկ Կարապետյանը 27 տարեկան է:  Մինչեւ Ռիոյի Օլիմպիական խաղերը, մեծ նվաճումներ է ունեցել 77 կգ քաշային կարգում: 2015 թվականի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն: Ռիո-2016  Օլիմպիական խաղերում մցահարթակում պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը արմունկի կոտրվածք է ստացել: Բարդ վիրահատությունից եւ երկարատեւ բուժումներից հետո Կարապետյանը կրկին մրցահարթակ է վերադարձել 2017 թվականին նոր՝ 89 կգ քաշային կարգում, որը օլիմպիական է: 2017 թվականի Համաշխարհային Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է,  2022 թվականին էլ ԵԱ-ում բավարարվել է պոկում վարժության փոքր արծաթե մեդալով:

Երեկոյան մրցահերթում կանանց հավաքականից պայքարի մեջ կմտնեն 76 կգ քաշայիններ Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը եւ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն  Էմմա Պողոսյանը:

Տաթեւ Հակոբյանի նախնական հայտը երկամարտում 235 կգ է: Էմմա Պողոսյանը 225 կգ հայտ է ներկայացրել: Այս քաշային կարգում ֆավորիտը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարիա Ջուզեպե Ֆեգյուն է 245 կգ նախնական հայտով:

Կանանց 76 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի 20:00-ին:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։