Թուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին (ֆոտո, վիդեո)

19:18   1 ապրիլի, 2023

Համլետ Մանուկյանի պատվին Թուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց Հայաստանի դրոշը: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 15-ամյա Համլետ Մանուկյանը պարգեւատրվեց երկու ոսկե մեդալով (տեսանյութ):

Առաջին ոսկե մեդալով հայ մարմնամարզիկը պարգեւատրվեց նժույգ թափեր վարժության համար, երկրորդով՝ օղակների վարժությունում տարած հաղթանակի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիրը ապրիլի մեկին կրկնակի աշխարհի չեմպիոն դարձավ: Նժույգ թափեր վարժությունում 15-ամյա մարմնամարզիկը հավասարը չունեցավ 14.633 միավորով: Այս վարժությունում աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մամիկոն Խաչատչյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Զեինոլա Իդրիսովը: Օղակներ վարժությունում Համլետ Մանուկյանը ոսկե մեդալակիր դարձավ 13.633 միավորով: Արծաթե մեդալը նվաճեց ճապոնացի Մասահարու Տանիդան, բրոնզե մեդալակիր՝ Իտալիան ներկայացնող Ռիկարդո Վիլլան: Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.