ԱԱ. Ալինա Սուքիասյանը 8-րդն է

23:27   29 մարտի, 2023

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մարտի 29-ին պայքարը սկսեց կանանց Հայաստանի հավաքականը:

Հայաստանի առաջին մասնակից Ալինա Սուքիասյանը 71 կգ քաշայինների պայքարում երկամարտի 182 կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում գրանցեց 80 կգ, հրում վարժությունում՝ 100 կգ: Ալինա Սուքիասյանը երկու վարժությունների միայն առաջին մոտեցումները հաջողությամբ կատարեց, մնացած մոտեցումները ձախողեց:

Այս քաշային կարգում երկամարտի 212 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ Թաիլանդի ներկայացուցիչ Պատարաթիդա Վոնգսինգը (92+120):

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը: Մարտի 28-ին փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Մարտի 29-ին էլ երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը:

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Կանանց թիմի կազմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգան նաեւ Աննա Ամրոյան (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։