10:10 11 մարտի, 2023Տղամարդկանց հավաքականի հետ այլեւս չեմ աշխատում: Եվրոպայի առաջնությունից առաջ կանանց թիմի նախապատրաստական փուլի, կազմի ընտրության պատասխանատուն եմ: Շատ հաճելի է մեր հզոր աղջիկների հետ աշխատելը, մեդալային ակնկալիքներ ունենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հաաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, որի գլխավորությամբ հավաքականը պատրաստվում է Երեւանում ապրիլին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Վիգեն Խաչատրյանը նախկինում աշխատում էր տղամարդկանց հավաքականի հետ: Այժմ մարզիչը կանանց հավաքականում է եւ պատասխանատու է Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի, հավաքների եւ կազմի ընտրության համար:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին տղամարդկանց հավաքականի հետ հիմնականոււմ աշխատում էր հենց Վիգեն Խաչատրյանը, ուներ սաներ, նաեւ թիմի հետ էր աշխատում մրցավայրերում, քանի որ Փաշիկ Ալավերդյանը լինում էր մրցավարական հանձնաժողովում: Այժմ Փաշիկ Ալավերդյանը հավաքականի հետ միայնակ է աշխատում եւ պատրաստվում Եվրոպայի առաջնությանը:
Կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է Աբովյանի մարզաբազայում: Աղջիկների հետ աշխատում են նաեւ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, երիտասարդների եւ պատանիների ավագ մարզիչ Տարոն Թովմասյանը: Մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները միասին են մարզվում: NEWS.am Sport-ը հետեւել է մարզումային օրերից մեկին:
Մարզումներն անցնում են բարձր տրամադրությամբ, մարզուհիների եւ մարզիչների հումորով, զրույցներով, միմյանց ոգեւորելով:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային միավորներ է տալու Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Պարոն Խաչատրայն, զարմանալի է Ձեզ տեսնել կանանց հավաքին: Սպասվում էր, որ այժմ տղամարդկանց հավաքականի հետ հավաքի կլինեք: Ինչպե՞ս ստացվեց այս կարեւոր փուլում, երբ Եվրոպայի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել, թողնել տղամարդկանց թիմը եւ աշխատել կանանց հետ:
Հունվարից կանանց հետ եմ աշխատում: Արդեն երրորդ հավաքն ենք անցնում: Տղաների հավաքականի հետ այլեւս չեմ աշխատում: Նրանց հետ աշխատում է Փաշիկ Ալավերդյանը: Ես պատասխանատում եմ կանանց՝ Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի, մարզումների, մարզավիճակի եւ կազմի համար:
Ո՞ր փուլում եք այժմ, ի՞նչ մարզավիճակում են աղջիկները:
Մենք մեր առջեւ մեծ նպատակներ ենք դրել: Բոլորն էլ մեդալային հավակնություններ ունեն: Ես միշտ ձգտում եմ մեծ հավակնություններով մասնակցել մրցաշարերի: Այս աղջիկները բոլորն էլ հզոր են: Հիմնականում պատանիներ, երիտասարդներ են եւ նրանց ներուժը շատ մեծ է: Այս պահին ինչ ունենք, պետք է դրանով գոհանանք եւ աշխատենք դրա վրա: Հավաքների մեկնարկում շատ վնասվածքներ ունեինք, գրեթե բոլորի մոտ խդիրներ կային: Այնպես չէ, թե այժմ լիարժեք ապաքինվել են, բայց այնպես ենք աղջիկներին սովորեցրել, որ կարելի է մարզվել եւ բուժվել: Ստացվում է: Այժմ վնասվածքների 80 տոկոսն անցել է:
Չի լինում դեպք, որ ասենք այս մարզիկը վնասվածք ունի, թող չմարզվի: Վնասվածքները միշտ կան մեծ սպորտում: Եթե վնասվածքներ չլիեին, բոլորն աշխարհի չեմպիոններ կդառնային: Դա էլ է հերոսություն՝ վնասվածք ունենալ, բուժել եւ զուգահեռ մարզվել: Սպորտային կամքի ուժ է:
Արդեն որոշվա՞ծ է, թե որ քաշային կարգերում ներկայացուցիչներ կունենանք Եվրոպայի առաջնությունում:
4-րդ հավաքի վերջում կորոշեմ, թե ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հիմնական պատկերն արդեն ունեմ: Մեկ-երկու քաշում կասկածներ ունեմ, բայց մինչեւ հավաքների ավարտը պարզ կլինի: Փոփոխություններ պետք է անենք 87 կգ քաշային կարգում, 81 կգ-ում, 76 կգ-ում: Գրեթե բոլորին հայտավորել եմ Եվրոպայի առաջնության համար, փոփոխությունները կորոշենք վերջին հավաքին:
Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր եւ հավաքականի առջեւ:
Այս Եվրոպայի առաջնությունը նախեւառաջ պետք է անհատական անցնենք: Վերջին տարիներին կամ ընդհանրապես մեդալ չի եղել, կամ եղել է միայն մեկ մեդալ: Պետք է կոտրենք այս սառույցը, յուրաքանչյուրն անհատական պայքար պետք է տանի, որպեսզի անցնենք առաջ: Տղաների մոտ համեմատաբար ավելի լավ է, այս խնդիրը չունենք: Միայն Հայաստանի առաջնության մասնակիցների թիվն ամեն ինչ ասում է: Կանանց մոտ անհամեմատ մասնակցության ցածր թիվ է: Բացի այդ, տղաների թիմն արդեն ձեւավորված է:
Այսօր ունենք լավ աղջիկներ, պետք է աշխատենք մեր ունեցածի վրա եւ ապացուցենք բոլորին, որ Հայաստանն իսկապես գերտերություն է ծանրամարտում ոչ միայն տղամարդկանց պայքարում: Եթե Եվրոպայի առաջնությանը ներկայացնում ենք կանանց թիմ, ուրեմն պետք է պատվով հանդես գանք:
Մեդալների ակնկալիքներն ինչպիսի՞ն են:
Մեդալային հավակնություններ ունենք: Մեկ-երկու քաշային կարգից մեդալային հույսեր կան: Տեսնենք, թե մրցումներն ինչպես կընթանա, աղջիկներն իրենց ինչպես կզգան մրցահարթակում, վստահ եմ, որ «տան» պատերն էլ կօգնեն, ամբողջ Հայաստանն է գալու, հետեւելու, գոտեպնդելու: Վստահ եմ, որ այս աղջիկները մեր սպասելիքներից էլ ավելին են անելու: Մենք հանդիսատեսով ամողջ Եվրոպային զարմացնելու ենք, ուրախացնենք: Մենք միշտ ենք կանանց ծանրամարտով հպարտացել: Այս անգամ էլ է այդպես լինելու: Ամեն ինչ կանենք, որ մեր ազգին ուրախացնենք:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.