ՊՍԺ-ն Մեսիի հետ 2 տարում ոչ մի հաղթանակ չի տարել Ֆրանսիայի գավաթի խաղերում

15:04   9 փետրվարի, 2023

Երկրորդ մրցաշրջանը ՊՍԺ-ում անցկացնող 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դեռ ոչ մի հաղթանակ չի ունեցել փարիզյան թիմի հետ Ֆրանսիայի գավաթի խաղարկության հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։

Ֆրանսիայի չեմպիոնները երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չկարողացան դուրս գալ Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Մարսելին» եւ դուրս մնաց պայքարից։

Անցած տարի էլ Մեսին մասնակցել էր 1/8 եզրափակիչի խաղին։ ՊՍԺ-ն հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր «Նիցային»։

Երկու հանդիպումներում էլ Մեսին հանդես է եկել 10 համարի խաղաշապիկով։ Ֆրանսիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում նա խաղում է 30 համարի խաղաշապիկով։ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կանոնակարգով թիմերի մեկնարկային կազմի ֆուտբոլիստները պետք է խաղադաշտ դուրս գան 1-ից 11 համարի խաղաշապիկներով։ Մշտական 10 համարն ունեցող Նեյմարը «Մարսելի» դեմ խաղաց 11 համարի խաղաշապիկով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։