Լա Լիգայի նախագահ․ Դեռ 2017-ին եմ ասել, որ «Մանչեսթեր Սիթին» խախտում է ֆինանսական արդար խաղի կանոնները

16:20   7 փետրվարի, 2023

Իսպանական  Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը թվիթերյան գրառումով արձագանքել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» ներկայացրած մեղադրանքներին։

«Դեռ 2017թ․ սեպտեմբերին Մանչեսթերում տեղի ունեցած Soccerex կոնֆերանսի ժամանակ ես հայտարարել էի, որ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն խախտում են ֆինանսական արդար խաղի կանոնները։

Անհավանական է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան այսքան տարիներ ծախսեց, որպեսզի իմանա այդ մասին։ Մենք հայտնում ենք, որ խախտումներն ավելի շատ են։ Հիմա քանի՞ տարի է պահանջվելու դրանք բացահայտելու համար»,- գրել է Տեբասը։

Անգլիական Պրեմիեր լիգայի անկախ հանձնախումբը պաշտոնական հայտարարությամբ «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-2018 թվականներին թույլ տված 100-ից ավելի ֆինանսական խախտումների մեջ։ Եթե ակումբը չկարողանա հերքել մեղադրանքները կամ արդարացնել ծախսերն ու ֆինանսական կորուստները, ապա կենթարկվի պատժամիջոցների։ Պրեմիեր լիգայում ունեն փաստեր, որ «Մանչեսթեր Սիթին» ամբողջովին չի ներկայացրել հովանավորներից ստացած գումարները, ֆուտբոլիստների եւ մարզիչների աշխատավարձի եւ բոնուսների իրական չափը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։