Կարեն Աղամալյան․ Արդյունքները, մասնակիցների քանակը գոհացնող է, գերլարված մենամարտեր շատ տեսանք

22:05   4 փետրվարի, 2023

Հայաստանի առաջնության արդյունքները, մասնակիցների քանակը գոհացնող է: Շատ հետաքրքիր եզրափակիչներ ունեցանք: Ուրախացնում է այն, որ մրցակցային, գերլարված մենամարտեր շատ տեսանք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի առաջնությունը: 95 մասնակիցներ պայքարեցին 13 քաշային կարգերում։ 

Հայաստանի առաջնության եզրափակիչներն անցան լեփ-լեցուն դահլիճում, երկրպագուները մեծ ոգեւորությամբ աջակցում էին ռինգ դուրս եկած յուրաքանչյուր բռնցքամարտիկի: 13 եզրափակիչներից տեղի չունեցավ 80 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյան - Էրիկ Աբելյան զույգի մենամարտը: Էրիկ Աբելյանը հրաժարվել էր եզրափակիչ մենամարտից: Հաղթանակը շնորհվեց Համբարձում Հակոբյանին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին գոհացնում է առաջնության արդյունքները:

«Շատ հետաքրքիր անցան եզրափակիչները: Ուրախացնում է այն, որ մրցակցային գերլարված մենամարտեր շատ տեսանք: Այնպիսի մենամարտեր էին, որ նախապես դժվար էր ասել, թե ով կհաղթի: Մի քանի երիտասարդ բռնցքամարտիկների տեսա, որոնք ունեն ապագա: 

Ինձ շատ ուրախացրեց հատկապես մասնակիցների քանակը: Յուրաքանչյուր քաշում ունենք երկու-երեք բռնցամարտիկներ, որոնք կարող են միմյանց փոխարինել: Մնում է՝ ամեն մեկն իր տեղում ճիշտ աշխատի: Առաջնությունից առաջ չեմ հավաքել հավաքականին: Մի քանիսից դժգոհ եմ: Ունենք շտկելու ժամանակ:

Մի քանի օր տղաներին հանգիստ կտամ, թող վերականգնվեն, այնուհետեւ Հայաստանի չեմպիոններով կմասնակցենք Ստրանջայի մրցաշարին:

Հավաքներից հետո եւս մեկ միջազգային մրցաշար կունենանք Բելգրադում եւ կորոշենք, թե ովքեր են գնալու աշխարհի առաջնություն, ովքեր՝ Եվրոպական խաղեր:

Երեւանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը ավելացրել է հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ: Ուրախացնող է, որ մեր եզրափակիչները լեփ-լեցուն դահլիճում անցան: Ավելի հայտնի է դարձել բռնցքամարտը»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության արդյունքներով ձեւավորված հավաքականը պատրաստվելու է նախաօլիմպիական տարվա միակ վարկանիշային մրցաշարին՝ Եվրոպական խաղերին, որը տեղի է ունենալու Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից հուլիսի 2-ը:  Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ: Այն անցկացվելու է մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։