Բռնցքամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները

17:40   4 փետրվարի, 2023

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 14 բռնցքամարտիկ։

3 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 52 կգ քաշային Անուշիկ Գրիգորյան եւ 57 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը։

Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, նաեւ 2022 թվականի Եվրոպայի մյուս մեդալակիրները Հայաստանի առաջնությանը չեն մասնակցում իրենց քաշային կարգերում մասնակիցներ չունենալու պատճառով։

Կանանց Հայաատանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը դժգոհ է մասնակիցների քանակից, բայց նրան գոհացնում է աղջիկների մարզավիճակը։

«Հայաստանում նոր է սկսում զարգանալ աղջիկների բռնցամարտը, այդ պատճառով մասնակիցների քանակը քիչ է։ Այս առումով դժգոհություն կա, իհարկե։ Մեծահասակներից հետո, շուտով տեղի է ունենալու երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին արդեն մասնակիցների թիվը շատ է լինելու։ Պարզ է արդեն, որ հաջորդ տարի այս երիտասարդները կլրացնեն մեծահասակները։

Հագեցած տարի ենք ունենալու։ Նախքան Հայաստանի առաջնությունը, միջանկյալ հավաք արեցինք։ Փետրվարի 7-23-ը  «Օլիմպավանում» հավաք կանցնենք, 3 օր թիմը կհանգստանա, նորից 14-օրյա հավաք կանենք: Բոլոր հավաքներն ուղղված են մարտին անցկացվելիք աշխարհի առաջնությանը։  Ընթացքում կմասնակցենք Ստրանջայի մրցաշարին։

Աշխարհի առաջնությանը պատրաստվելու ժամանակ ունենք, բայց դրանից հետո Եվրոպական խաղերին վերականգնվելու ժամանակ չունենք։ Եվրոպական խաղերը վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար։ Կփորձենք լիարժեք պատրաստվել վարկանիշներ ձեռք բերելուն։

Անի Հովսեփյանի չեմպիոնությունը մեծ ոգեւորություն եւ հետաքրքրություն է առաջացրել աղջիկների շրջանում։ Նաեւ մթնոլորտ է փոխել բոլորի մոտ։ Վստահ եմ, որ հաջորդ տարի Հայաստանի առաջնությունում այլ պատկեր կունենանք մասնակիցների առումով»,- ասաց Ռաֆայել Մեհրաբյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։