Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը հաղթել է Աբու Դաբիում եւ մտադիր է ստեղծել հայկական թիմ

19:25   2 փետրվարի, 2023

Իմ գլխավոր նպատակը Հայաստանն աշխարհին ներկայացնելն է: Ծրագրում եմ ստեղծել հայկական թիմ՝ հայ մասնագետներից բաղկացած եւ մեր թիմով հասնել այսպիսի հաղթանակների, ինչպիսին եղավ Աբու Դաբիում: Hankook 6H ABU DHABI 2023 ավտոարշավում Արթուր Գորոյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:

Հայաստանը ներկայացնող ավտոարշավորդը մասնակցել է գերմանական Sharky Racing թիմի կազմում TCR դասում:  Արթուր Գորոյանը Audi RS3 LMS DSG ավտոմեքենայով 6-ժամանոց ավտոարշավում անցել է 150 շրջան:

«Այս հաղթանակը շատ կարեւոր էր ինձ համար: Այստեղ մենք ներկայացնում էինք Հայաստանը, մեր դրոշը, հայկական թիմով էինք, նաեւ ներկայացնում էի Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, սակայն հանդես էինք գալիս գերմանական թիմի կազմում: Ես հատեցի 150 շրջան 6:00:49.840 ընդհանուր ժամանակով: Լավագույն արդյունքը գրանցվել է 89-րդ շրջանում՝ 2:08.144:

Աբու Դաբիի մրցաշարին մասնակցել եմ Audi մակնիշի ավտոմեքենայով՝ Audi RS3 LMS DSG: 2015 թվականից աշխատում եմ Audi-ի գործարանում՝ որպես թեստեր անցկացնող ավտոարշավորդ: Իմ աշխատանքային տարիներից սկսած Audi-ն աջակցում է ինձ, մեր թիմի հովանավորն է:

Մրցաշարում մենք հայկական թիմով էին, հայկական դրոշով, բայց մրցաշարի պաշտոնական կայքում մեր թիմի առջեւ Գերմանիայի դրոշն է: Ես ներկայացնում եմ գերմանական Sharky Racing կազմակերպությունը, որի հետ սկսել եմ աշխատել դեռ իմ առաջին քայլերի ժամանակ: Սա գերմանական կազմակերպություն է, որտեղ գերմանացի մեխանիկներն են, ինժեներներ, ղեկավարություն, գործարան, գերմանական մեքենա: Մենք չենք կարող դեռեւս այլ դրոշի ներքո հանդես գալ: Եթե ուզում ենք լիարժեք Հայաստանը ներկայացնել, պետք է ունենանք հայ մասնագետներ, ինժեներներ, մեխանիկներ, Հայաստանի գնած ավտոմեքենա: Այդ դեպքում արդեն թիմի անվան առջեւ կդրվի Հայաստանի դրոշը:

Աբու Դաբիում ես ցանկանում էի հաղթել, որ կրկին Հայաստանի անունը հնչեր, Հայաստանի մասին ավելի շատ խոսվեր:

10 տարուց ավել զբաղվում եմ ավտոարշավով, հիմնականում Գերմանիայում եմ մասնակցում մրցաշարերի:

Ինչպես յուրաքանչյուր մարզիկի, իմ նպատակը եւս սպորտի մասսայականացումն է , պրոպագանդան, որպեսզի երիտասարդները վատ սովորություններ ձեռք բերելու փոխարեն զբաղվեն սպորտով: Իմ գլխավոր նպատակը Հայաստանն աշխարհին ներկայացնելն է: Գերմանիայում ես միակ հայ ավտոարշավորդն եմ: Կուզենայի, որ ավտոարշավով զբաղվող մյուս հայ երիտասարդներն ինձանից օրինակ վերցնեն, հայկական արտոնագիր ունենան եւ ներկայացնեն Հայաստանը: Վստահեցնում եմ, որ մարզաձեւով զբաղվելու դեպքում 1-2 տարում հնարավոր է դուրս գալ միջազգային մրցահարթակ, մասնակցել մրցաշարերի:

Ես նպատակ ունեմ հայկական թիմ հավաքել: Նաեւ դիմում եմ Հայաստանից դուրս այս մարզաձեւով զբաղվող երիտասարդների: Մենք ունենք շատ հայ ավտոարշավորդներ, որոնք նույնպես մեծ ցանկություն ունեն հայկական թիմ ձեւավորել. օրինակ՝ Նիկոլա Մինասյանը: Նա «Ֆորմուլա -1»-ի համար թեստ-ավոտարշավորդ է եղել, «Լե-Մանի» չեմպիոն եւ մրցականակիր: Մի քանի տարի առաջ այցելեց Հայաստան: Նա շատ ոգեւորված է հայ ավտոարշավորդների թիմ ձեւավորելու, Հայաստանը ներկայացնելու գաղափարով:

Իմ ավտոմեքենայի վրա կա Հայաստանի դրոշ, որը Նիկոլայի մտղահաղացումն է: Կան էլի ավտոարշավորդներ, բայց դեռ նրանց հետ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նիկոլա Մինասյանի հետ արդեն ունենք ծրագրեր: Ամռանը Իտալիայում անցկացվելիք մրցաշարում կունենանք երեք հայ ավտոարշավորդ:

Մեծ ցանկություն ունեմ նպաստել Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը: Որպես ավտոարշավորդ կարող եմ իմ գիտելիքները ներդնել մարզաձեւի զարգացման համար: Պետք է ստեղծվի հայկական թիմ։

Հայաստան տեղափոխվելու եւ ապրելու մասին դեռ չեմ մտածում: Մրցաշարերիս բնույթն այնպիսին է, որ պարբերաբար այլ երկրներ եմ մեկնում: Եթե հիմա ինձ հարցնեն, թե որտեղ եմ ապրում, կդժվարանամ պատասխանել: Ընտանիքս ապրում է Ռուսաստանում: Ես ներկայացնում եմ Հայաստանը, հանդես եմ գալիս իմ դրոշի ներքո, ինձ համար դա է իմ տունը»,- ասաց Արթուր Գորոյանը:

Ավտոարշավորդը ծնունդով Ջավախքից է, մինչեւ 9 տարեկան ապրել է Ջավախքում, ապա ընտանիքով տեղափոխվել Ռուսաստանի Արմավիր քաղաք, իսկ այնտեղից՝ Մոսկվա, հիմնական բնակության:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.