20:01 31 հունվարի, 2023Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 95 մարզիկ Երեւանից եւ մարզերից:
Հայաստանի առաջնությանը մասնակցում են ազգային հավաքականի բոլոր անդամները, բացի Հովհաննես Բաչկովից եւ Նարեկ Մանասյանից:
Առաջին մրցումային օրը սկսվեց սկանդալով։ Նախքան մեկնարկը, աշխարհի չեմպիոն, լեգենդար Իսրայել Հակոբկոխյանը բարձրացավ ռինգ եւ հայտարարեց, որ բողոքի ակցիա է իրականացնում, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արգելել է նրա որդուն մասնակցել Հայաստանի առաջնությանը:
«Իմ տղան նախորդ տարի հաղթեց Հայաստանի առաջնությունում, բայց հաղթանակը նրան չտվեցին. ընդունեցի: Զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց նրան ոչ հավաքների հրավիրեցին, ոչ մրցումներին են տանում: Ես իմ ուժերով, իմ միջոցներով տղայիս մրցումների եմ տարել, որպեսզի նրա մոտ աճ լինի: Ֆեդերացիան, ի հակառակն ինձ, ոչինչ չի անում: Եղել է, որ առաջարկել եմ՝ իմ ֆինանսավորմամբ տղայիս էլ ընդգրկեն թիմ, թող մրցումների մասնակցի: Դա էլ թույլ չեն տվել: Ես էլ միջոցներ եմ գտել ու իմ հնարավորություններով տղայիս մրցումների եմ ուղարկում:
Դրանից հետո ֆեդերացիան բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին, Եվրոպական ֆեդերացիային( EUBC), թե ինչու են թույլ տվել, որ բռնցքամարտիկը մասնակցի միջազգային մրցաշարի: Եվրոպական ֆեդերացիան նրանց պատասխանել է, որ Հայաստանի ֆեդերացիայի որոշման խնդիրն է, թող ֆեդերացիան որոշի: Նրանք էլ որոշել են այսօր իմ տղային թույլ չտալ, որ Հայաստանի առաջնության մասնակցի: Սա թշնամություն է իմ երեխայի, նրա մարզական կարիերայի նկատմամբ»,- ասաց Հակոբկոխյանը:
Բողոքի ակցիան կարճ տեւեց, աշխարհի չեմպիոնը լքեց ռինգը՝ նշելով, որ չի ցանկանում վնասել մյուս բռնցքամարտիկների կարիերան, ինչպես վնասել են իր որդունը:
Մի խումբ երիտասարդներ անմիջապես Իսրայել Հակոբկոխյանին դուրս տարան մարզադահլիճից: Նա այլեւս դահլիճ չվերադարձավ:
Դահլիճում լրագրողների հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Ես չէի ուզի, որ Իսրայել Հակոբկոխյանն իրեն այսպես դրսեւորեր, ամոթ է, որ մեր հարգարժան, նախկինում պատիվ ունեցող բռնցքամարտիկն այսպես է իրեն պահում: Նա շատ լավ գիտի իր կատարած սխալները:
Եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաններն ունեն հատուկ կանոնակարգեր: Իսրայել Հակոբկոխյանը եւ մի խումբ մարզիկներ ուրիշ ֆեդերացիայի անվան տակ մեկնում են միջազգային մրցաշարեր՝ Մեքսիկա, Լատվիա, Լեհաստան, Ֆինլանդիա եւ այլ վայրեր: Անհայտ կառույցի, ֆեդերացիայի անունից են ներկայանում, որն ինձ բացարձակ հետաքրքիր չի եւ մասնակցում են մրցաշարերի: Այնտեղից մեզ նամակներ են գալիս, որտեղ հարցնում են, թե ովքեր են Հայաստանի անունից մասնակցում միջազգային մրցաշարերին: Բացատրություններ են պահանջում ֆեդերացիայից, կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից: Մենք մի քանի անգամ բոլոր մարզադպրոցներին նամակ ենք ուղարկել, որ եթե ցանություն կա մասնակցել որեւէ մրցաշարի, տեղեկացրեք ֆեդերացիային, որը հայտ կներկայացնի: Ֆեդերացիան երբեք դեմ չի, որ մարզիկը թեկուզ իր միջոցներով գնա մրցաշարերի: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են ներկայացնում Հայաստանը տվյալ մրցաշարերում: Պետք է իմանանք՝ ինչ կազմով են մեկնում, ով է ղեկավարը: Գուցե այդ թիմի հետ ուրիշ մարդիկ էլ են մեկնում, եւ մենք դրա մասին տեղյակ չենք: Հետո մեզանից պատասխան են պահանջելու միջազգային կառույցները:
Դեկտեմբերի վերջում ֆեդերացիան նորից նամակ ստացավ, որ Լեհաստանում հերթական մրցաշարում Հայաստանից թիմ է մասնակցում: Ինձ մրցավայրից զանգահարեց մրցաշարի գլխավոր մրցավարը եւ հարցրեց՝ ես թիմ ուղարկել եմ, թե ոչ: Պատասխանեցի, որ ոչ եւ, նրանց թույլ չտվեցին այնտեղ մասնակցել մրցման: Ավելի ուշ մենք EUBC-ից նամակ ստացանք, թե որ մարզիկներն են ֆեդերացիայից անկախ, այլ ֆեդերացիայի անվան տակ մասնակցել մրցաշարերի, բայց ներկայացել են, որպես Հայաստանի թիմ, եւ այդ մարզիկներ նկատմամբ պետք է տույժ-տուգանքներ կիրառվի: EUBC-ի նամակը կա, որտեղ մարզիկների անվան ցուցակում է նաեւ Իսրայել Հակոբկոխյանի որդու անունը: Ըստ այդմ, այս բոլոր մարզիկները որակազրկվում են եւ պետք է դուրս մնային Հայաստանի առաջնությունից:
Ինձ մի քանի շատ հարազատ մարդիկ դիմեցին, որ որեւէ լուծում գտնենք այս իրավիճակում: Որոշեցինք, որ խախտումներ կատարած մարզիկները, նրանց մարզիչները պետք է գան ֆեդերացիա, դիմում գրեն, որ հետագայում նրանց արարքը չի կրկնվի, ստորագրեն իրենց դիմումների տակ, ես էլ միջամտեմ, հայտ ուղարկենք EUBC-ին եւ խնդրենք, որ մարզիկների պատիժը սահմանափակվի նկատողությամբ, այլ ոչ որակազրկումով:
Իսրայել Հակոբկոխյանն ասել է՝ ես չեմ ստորագրում, ինձ տվեք 1 միլիոն դոլար, կամ չգիտեմ ինչ, որ ստորագրեմ, ես էլ ասել եմ, որ չի ստորագրում՝ ինչ անեմ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ես՝ որպես նախագահ, ֆեդերացիայի հեղինակությանը շատ բծախնդիր ենք վերաբերվում, քանի որ մենք միջազգային ֆեդերացիայում ունենք լավ հեղինակություն եւ ինչ-որ մեկի համար չենք պատրաստվում այն կորցնել, ով ուզում է լինի:
Ես չեմ արգելել նրա որդուն՝ մասնակցի, EUBC-ն որակազրկել է: Խախտում կատարած մարզիկները 5-ն էին: 4-ը եկել, ստորագրել են եւ իրավունք են ստացել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Հարցը կլուծվեր, եթե Հակոբկոխյանն ադեկվատ վերաբերմունք ցույց տար:
Մենք էլ ենք նախկինում այլ ֆեդերացիա հիմնել, երբ ես ցանկանում էի ֆեդերացիայի նախագահ դառնալ: Հայաստանից թիմ եմ ներկայացրել տարբեր երկրներ, բայց ոչ մի անգամ չենք մասնակցել այնպիսի մրցաշարերի, որոնք կարող էին հայկական բռնցքամարտի, Հայաստանի հեղինակության հետ խաղալ: Ես այդ ամենին տիրապետել եմ, նախկինում դպրոց էլ եմ գնացել, ինստիտուտ էլ եմ սովորել եւ գիտեմ ՝ ինչ է կատարվում, ինչպես պետք է լինի, որ օրենքների համաձայն պետք է շարժվել: Այսօր վերցնել թիմ, տանել մրցաշարի ու ներկայանալ Հայաստանից, միայն խնդիր են ստեղծում մեր ֆեդերացիայի համար»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.