Շախմատի Հայաստանի չեմպիոնների պարգեւատրությունը (ֆոտո)

16:04   22 հունվարի, 2023

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի Հայաստանի չեմպիոնների եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

Հունվարի 12-21-ն անցկացված շախմատի Հայաստանի առաջնությունում տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:

Հայաստանի կրկնակի չեմպիոնը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Բարձրագույն խմբի 83-րդ առաջնության վերջին տուրում նա սպիտակներով մրցեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ առավելության հասավ 51-րդ քայլին։ Երկրորդ տեղում է 2021 թվականի Հայաստանի չեմպիոն, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը` 6 միավոր։ Լավագույն եռյակը գործակիցների առավելությամբ եզրափակեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը Տիգրան Կ․ Հարությունյանի հետ հավասար՝ 5,5 միավոր էր վաստակել:

Կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մարիա Գեւորգյանը՝ 7 միավոր։ Երկրորդ տեղում 6,5 միավորով Սուսաննա Գաբոյանն է, բրոնզե մեդալակիր՝ Արփինե Գրիգորյանը՝ 5,5 միավոր։

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանն ամփոփեց մրցաշարի արդյունքները:

«Հայաստանի տղամարդկանց առաջնությունն անցավ լարված պայքարում: Վերջին տուրից առաջ 4 շախմատիստ մոտ էին չեմպիոնությանը: Ամեն ինչ որոշվեց վերջին երկու պարտիաներով, որոնք ավարտվեցին բոլորից ավելի ուշ:

10-րդ տեղը զբաղեցրած Սարգիս Սարգսյանը 1,5 միավոր է վաստակել, բայց նա զինծառայություն է անցնում եւ մեծ դժվարությամբ առաջնությանը միացավ միայն երկրորդ խաղափուլում: Ուրախ ենք, որ նրա մասնակցության հարցը դրական լուծում ստացավ, եւ նա կարողացավ առաջին անգամ մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: 9-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպես Արմեն Բարսեղյանը: Նա վաստակեց երկու միավոր: 8-րդ տեղում է միջազգային վարպես Մամիկոն Ղարիբյանը՝ 3,5 միավորով: Այս երկու երիտասարդ շախմատիստներից ավելի լավ արդյունքներ էինք սպասում: 4,5 միավորով 7-րդ տեղում է Տիգրան Պետրոսյանը: 5-րդ եւ 6-րդ տեղերը բաժանեցին երկու շախմատիստ: Լրացուցիչ գործակիցներով 6-րդը գրոսմայստեր Զավեն Անդրեասյանն է, 5-րդը՝ գրոսմասյտեր Արամ Հակոբյանը: 3-րդ եւ 4-րդ տեղերն էլ վաստակեցին հավասար միավորներ, բայց գործակիցները չժպտացին Տիգրան Հարությունյանին եւ նա 4-րդ-ն է: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մինչեւ վերջ հավակնում էր չեմպիոնի տիտղոսին, վերջին պարտիայում պարտվեց եւ գրավեց 3-րդ տեղը: 6 միավորով փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Մանուել Պետրոսյանը: Նա շատ հաջող էր սկսել առաջնությունը: Մեկնարկում 4 հաղթանակ տարավ: 5-րդ տուրից հետո տեմպը կորցրեց եւ զբաղեցրեց երկրորդ տեղը:

2023 թվականի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճեց Սամվել Տեր-Սահակյանը եւ  հնարավորություն ստացավ համալրել Հայաստանի հավաքականը: Չեմպիոնը հավաքականի հետ կպատրաստվի մարտին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Աշոտ Վարդապետյանը:

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոնը պարգեւատրվեց 2 միլիոն դրամով, երկրորդ տեղը՝ 1 միլիոն 200 հազար դրամով, երրորդ տեղը՝ 800 հազար դրամով։

Կանանց Հայաստանի չեմպիոնը պարգեւատրվեց 500 հազար դրամով, երկրորդ տեղ՝ 300 հազար դրամ, երրորդ տեղ՝ 200 հազար դրամ։

Սամվել Տեր-Սահակյանը եւ Մարիա Գեւորգյանը կհամալրեն Հայաստանի հավաքականները։ Ըստ ֆեդերացիայի կանոնադրության՝ հավաքականների անդամներ կդառնան նաեւ երկրորդ տեղը գրաված շախմատիստները։

Լուսինե Շահբազյան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։