«Ինտերը» հաղթեց «Միլանին», Մխիթարյանը նվաճեց 5-րդ սուպերգավաթը (ֆոտո, վիդեո)

00:59   19 հունվարի, 2023

Փոխչեմպիոն «Ինտերը» 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած խաղում «Ինտերը» 3:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Միլանին»՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով այս տիտղոսը։

10-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն (տեսանյութ)։

21-րդ րոպեին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

77-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 5-րդ սուպերգավաթը կարիերայում։ Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։

«Ինտերը» նախորդ անգամ երկրի սուպերգավաթակիր դարձել էր անցած տարի՝ 2:1 հաշվով հաղթելով Թուրինի «Յուվենտուսին»։

Իտալիայի Սուպերգավաթ

«Միլան» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Ֆեդերիկո Դիմարկո, 10, Էդին Ջեկո, 21, Լաուտարո Մարտինես, 77



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.