Գոռ Կարապետյան. Հպարտ եմ, որ այս պայմաններում կարողացա ուրախացնել մեր ազգին

09:09   7 հունվարի, 2023

Մրցաշրջան-2022-ում հայկական սպորտը ունեցավ եւս մեկ մեծ նվաճում. 16-ամյա Գոռ Կարապետյանը դարձավ ձյուդոյի պատանիների աշխարհի չեմպիոն:

Օգոստոսի 27-ին Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացված ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Գոռ Կարապետյանը 81 կգ քաշայինների պայքարում նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում պարտության մատնելով  ուզբեկ Ալիշեր Սամանովին: Պատանի մարզիկն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է ձյուդոյում:

16-ամյա աշխարհի չեմպիոնը NEWS.am Sport-ի հետ խոսել է 2022 թվականի հաջողությունների եւ մեծ սպորտում մեծ նպատակների մասին:

Գոռ, առաջին անգամ քեզ հաջողվեց ձյուդոյի աշխարհի առաջնությունում դառնալ ոսկե մեդալակիր: Ինչպե՞ս կնկարագրես 2022 թվականը քեզ համար: 

Տարին ինձ համար ծրագրված էր, բարձր արդյունքս՝ սպասելի: Իմ ամենաբարձր արդյունքի ժամանակ ես եղել եմ լավագույն մարզավիճակում, որի պարագայում մեդալ անպայման պետք է լիներ: 2022 թվականին կարողացա նվաճել Եվրոպայի գավաթի արծաթե մեդալ, Եվրոպայի օլիմպիական փառատոնի բրոնզե մեդալ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ եւ սպասված աշխարհի չեմպիոն:

Սպասո՞ւմ էիր, որ կնվաճես աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Մեդալային ճանապարհով հասա մինչեւ աշխարհի առաջնության ոսկե մեդալ: Տարվա ընթացքում մարզումների եւ մրցաշարերի արդյունքներով հասել էի այն մակարդակին, որ աշխարհի առաջնությունում այդ հաղթանակը պետք է լիներ իմը:

Յուրաքանչյուր մրցաշարի մեկնել եմ չեմպիոն դառնալու ցանկությամբ եւ նպատակով: Մինչեւ աշխարհի առաջնությունը միշտ ինձ ինչ-որ բան խանգարում էր, որ ես դառնայի չեմպիոն: Այս առաջնությունում իմ հաղթանակը եւ ոսկե մեդալն իսկապես սպասված էր: Ես գուցե չարտահայտվեի, ոչ մի տեղ չասեի, որ ես հաստատ գիտեմ՝ ոսկե մեդալ լինելու է, բայց հոգուս խորքում վստահ էի:

Դու անկախ Հայաստանում առաջին աշխարհի չեմպիոնն ես ձյուդոյում: Ի՞նչ զգացողություն է:

Որքան էլ փորձեմ բառերով նկարագրել, չի ստացվի: Ինձ միայն կհասկանան մարզիկները, որոնք հասել են այսպիսի բարձունքի:

Ուրախություն եւ հպարտություն ես զգում, որ կարողանում ես այս պայմաններում, այս դժվար վիճակում այդ արդյունքով ուրախացնել ժողովրդիդ, ընտանիքիդ եւ ընկերներիդ:

Պարտավորեցողն է: Պետք է կարողանամ տիտղոսս պահպանել, ավելացնել արդյունքս: Ես շատ կուզենամ, որ ինձանից հետո ձյուդոյում աշխարհի չեմպիոններ ունենանք տարբեր տարիքային խմբերում, օլիմպիական չեմպիոններ ունենանք: Կուզեմ, որ իմ արդյունքը շատերը կրկնեն, որի համար միայն ուրախ կլինեմ:

Գոռ, ինչպե՞ս ես ձյուդոն ընտրել քեզ կյանքի ուղի:

Ընկերոջս հետ եմ սկսել զբաղվել ձյուդոյով: Հետո նա չհամակերպվեց սպորտի հետ եւ դուրս եկավ մարզումներից, իսկ ես արդեն գտել էի ինձ այս սպորտում: Շարունակեցի զբաղվել ձյուդոյով: Փոքր տարիքից երազել եմ դառնալ չեմպիոն, բայց երբ առաջին նվաճումս ունեցա ձյուդոյում՝ դարձա Հայաստանի չեմպիոն, մանկությանս երազանքները սպորտի հետ կապված դարձան նպատակներ:

Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:

Ինչպես յուրաքանչյուր մարզիկ, ես նույնպես նպատակ ունեմ օլիմպիական բարձունքի հասնել: Այդ նպատակիս հասնելու համար ամեն ինչ պատրաստ եմ անել, որի համար շատ զոհողություններ են պետք, շատ մարդկանց պետք է կարողանալ հակառակվել, որ նպատակդ իրագործվի:

Շատ նպատակներ կան 2023 թվականի հետ կապված, ապացուցելու շատ բան ունեմ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.