Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Գրիգորյանը՝ Արցախից․ Մեր ժողովուրդը չի հուսահատվում, նայում է առաջ

09:05   24 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի կողմից Հայաստան - Արցախ միակ ճանապարհի արգելափակման պատճառով  Արցախում մարզական կյանքը չի տուժել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտից ասաց սամբոյի աշխարհի փոխչեմպիոն, արցախցի Դավիթ Գրիգորյանը:

«Մեզ մոտ շատ լավ վիճակ է: Խուճապ չկա: Ասեմ ավելին՝ մրցումներ ենք պատրաստվում անցկացնել: «Դինամո» մարզադահլիճում պատանիների բաց առաջնություն ենք անցկացնելու: Միակ խնդիրն այն է, որ առաջնությունը բաց է, բայց ճանապարհներն են փակ եւ դրսից մարդ չի կարող գալ, մասնակցել: Բոլորի տրամադրությունը նորմալ է:

Դժվարությունն այն է, որ չենք կարողանում գալ Հայաստան: Դեղորայքի եւ սննդի պակասություն է փոքր-ինչ զգացվում: Մարզական կյանքն իր հունով շարունակվում է: Դադար ունեցանք երկու օր, երբ գազամատակարարումն էին անջատել: Մեր մարզադահլիճը ջեռուցվում է գազով: Մարզումները դադարեցրել էինք միայն երեխաների համար, բայց մենք՝ մեծահասակներս մարզվում էինք: Մի փոքր ցուրտ էր, բայց շարունակել ենք մարզվել:

Այս իրավիճակով պայմանավորված մարզումները չեն տուժել: Եթե բացակայություններ ունենում ենք, միայն սեզոնային վիրուսների, գրիպի պատճառով:

Մեր ժողովուրդը չի հուսահատվում, նայում է առաջ եւ հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Աշխարհի փոխչեմպիոնը նաեւ նշեց, որ իր անձնական մարզումները եւս չեն տուժել: Ըստ ծրագրի՝ մարզվում է Ստեփանակերտում եւ պատրաստվում 2023 թվականի մրցաշարերին, որոնցից առաջինը տեղի է ունենալու փետրվարին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։