Եղիշե Մելիքյանի պատասխանը Ռաֆայել Նազարյանին ու Ռուբեն Նազարեթյանին

19:26   22 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջերում վերջերս հրապարակված ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ու ՀՖՖ նախագահի խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցներում հնչեցված հայտարարություններին։

«Ես շատ եմ ափսոսում, որ պարոն Սողոմոնյանի նման անձնավորության հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Այս թեմայով չեմ ցանկանում ոչինչ ասել: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, մանավանդ, որ գործը հասցվել է դատարան:

Չնայած այդ հանգամանքին, զսպվածությունն ու հարգանքը բացակայում են ֆեդերացիայի ներկայացուցիչների մոտ:

Ես ամբողջ սրտով սիրում եմ «Փյունիկն» ու ինձ համարում եմ «փյունիկցի», և դրա առաջին պատճառը հենց պարոն Սողոմոնյանն է: Մի մարդ, որը նվիրված ծառայում է հայկական ֆուտբոլին ու դրա զարգացմանը:

Շատերն ասում են, որ իմ համարձակ խոսքերը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի հավաքականի դռները փակվեն իմ առջև։ Սակայն դա ինձ չի կանգնեցնի ու վախեցնի արտահայտել իմ կարծիքը։

Հիմա իմ դիրքորոշումն եմ հայտնում, քանի որ բարձրաձայնվել են հարցեր, որոնք վերաբերում են իմ աշխատանքին:

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը փաստեց, որ Գրենիկ Պետրոսյանը մեր մոտ չի խաղում: Դա իրականությանը չի համապատասխանում: Նա «Փյունիկում» մասնակցել է 16 հանդիպման, որից 3-ը` Եվրոպայում: Գրենիկ Պետրոսյանը վերջին տեղում գտնվող թիմից եկել է Հայաստանի չեմպիոնի թիմ, որտեղ մրցակցությունը բարձր մակարդակի վրա է: Ես հնարավորին չափով նրան դրսևորվելու հնարավորություն եմ տվել, այո՜, երբեմն նաև գնացել եմ ռիսկի: Որպես մասնագետ հայտարարում եմ, որ Եվրոպայում խաղադաշտում նրա անցկացրած 30 րոպեն հավասարազոր է ԲԿՄԱ-ում 5 խաղում մեկնարկային կազմում հայտնվելուն: Նա այս 6 ամսվա ընթացքում ահռելի փորձ է ձեռք բերել` խաղալով նման մակարդակի վրա ու հանդերձարանը կիսելով չեմպիոնների հետ:

Ինչ վերաբերում է մինի ֆուտբոլի մարզիչի հայտարարություններին մեծ ֆուտբոլի վերաբերյալ, որ նման բյուջե ունենալու պարագայում նա կարող էր ակումբին դուրս բերել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, պարզապես կասեմ, որ ամպագոռգոռ հայտարարությունները ձեզ չեն կարող դարձնել բարձրակարգ կամ հաջողակ մարզիչ: Նման խոսքերը ոչ թե բնորոշում են մեզ, այլ իրենց:

«Փյունիկը» Հայաստանի գործող չեմպիոնն է, որը իմ գլխավորությամբ այս տարի բարձրացրեց հայկական ակումբային ֆուտբոլի մակարդակը ու պատվով ներկայացավ եվրոպական մրցաշարերում․ սա փաստ է, ոչ թե «եթե»-ով կազմված նախադասություն: Այդ ժամանակ էլ` երբ պետք էր գործով մեզ աջակցել, մեր խաղերը հետաձգելու խնդրանքներին ընդառաջ չգնացիք: Մինչև օրս ոչ մի բացատրություն չենք լսել այս մասով, թե ինչու մեր խաղերը չհետաձգեցիք»,- եզրափակել է Մելիքյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։