ԱԱ-2022․ Արգենտինա - Ֆրանսիա՝ լրացուցիչ ժամանակ Մբապեի դուբլի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

21:00   18 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Թիմերը պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում։

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթել էր Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի հավաքականը։

5-րդ րոպեին առաջինը դարպասին հարված կատարեց Արգենտինան։ Անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը հեռվից հարվածեց եւ Ֆրանսիայի հավաքականի ու Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը որսաց գնդակը։

9-րդ րոպեին անկյունայինից հետո կողոսկրերի արմունկով հարված ստացա Ուգո Լյորիսը։ Կանոնները խախտեց նրա ակումբակից, Լոնդոնի «Տոտենհեմի» 24-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն։

17-րդ րոպեին աջ եզրով սուր գրոհ կազմակերպեց Արգենտինայի հավաքականը։ Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի փոխանցումից հետո Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Անխել Դի Մարիան բարձր հարվածեց։

19-րդ րոպեին գրեթե դիմային գծի մոտ տուգանային հարվածի իրավունք ստացավ Ֆրանսիան։ Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանն իրացրեց տուգանայինը։ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն գլխի հարված կատարեց, բայց բարձր էր, նաեւ խախտում էր գրանցվել հարձակվող թիմի կողմից։

21-րդ րոպեին Անխել Դի Մարիայի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն եւ նշանակվեց 11-մետրանոց Ֆրանսիայի դարպասին։

ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հստակ իրացրեց 11-մետրանոցը՝ բացելով հաշիվը (տեսանյութ

Արգենտինայի թիմի առավելությունը 36-րդ րոպեին կրկնապատկեց Անխել Դի Մարիան, որը եզրափակեց կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի փոխանցումը (տեսանյութ

Առաջին խաղակեսում հսկայական առավելություն ուներ Արգենտինան՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ, 6 գոլային պահերով, դարպասին կատարած 3 հարվածով։ Ֆրանսիան ոչ մի գոլային պահ չստեղծեց, ոչ մի հարված դարպասի ուղղությամբ չկատարեց։

Երկրորդ խաղակեսի սկզբում Արգենտինան զիջեց նախաձեռնությունը, սակայն վտանգավոր պահերը դարձյալ Ֆրանսիայի թիմի դարպասի մոտ էին։ 57-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Ուգո Լյորիսը փրկեց դրությունը։ Մի քանի րոպե անց Դի Մարիայի փոխանցումից հետո հարված կատարեց Մեսին։ Գնդակը հեռացրեց Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

51-րդ րոպեին Ալվարեսի փոխանցումից հետո Մաք Ալիսթերը մենակ դուրս եկավ Ուգո Լյորիսի դեմ, որը ոտքերով հեռացրեց գնդակը։

Առաջին հարվածը Արգենտինայի դարպասի ուղղությամբ Ֆրանսիան կատարեց 70-րդ րոպեին։ Կիլիան Մբապեի հարվածը բարձր ստացվեց։

79-րդ րոպեին պորտուգալական «Բենֆիկայի» 34-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի նկատմամբ։

11-մետրանոցը հստակ իրացրեց ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

Արդեն հաջորդ գրոհի ժամանակ Ֆրանսիան կարողացավ նաեւ վերականգնել հավասարությունը։ 81-րդ րոպեին Մբապեն արդյունավետ եզրափակեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամի փոխանցումը (տեսանյութ

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.