ԱԱ-2022. Արգենտինա - Խորվաթիա՝ անոնս

10:48   13 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունը։ Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

Թիմերն աշխարհի առաջնություններում կհանդիպեն երրորդ անգամ։

Առաջին անգամ Արգենտինան ու Խորվաթիան մրցել են 1998թ․ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջի տուրի խաղում։ 1:0 հաշվով հաղթել են արգենտինացիները։

Թիմերի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018թ․ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիան Անտե Ռեբիչի, Լուկա Մոդրիչի եւ Իվան Ռակիտիչի գոլերի շնորհիվ։

Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Արգենտինային հավաքականը 1:2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Սաուդյան Արաբիայից, 2:0 հաշվով հաղթել է լեհերին եւ մեքսիկացիներին։

Խորվաթիայի հավաքականը խմբային փուլում 0:0 հաշվով է խաղացել Մարոկկոյի եւ Բելգիայի հետ, 4:1 հաշվով հաղթել է կանադացիներին։

1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, քառորդ եզրափակիչում էլ հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով պարտության է մատնել հոլանդացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Խորվաթիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել ճապոնացիներին՝ 11-մետրանոցներով հաղթելով 3:1 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում խորվաթները պայքարից դուրս են թողել բրազիլացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1։ Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան հաղթել էր 4:2 հաշվով։

Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Գլխավոր մցավարը կլինի իտալացի Դանիելե Օրսատոն։ Այս առաջնությունում Օրսատոն կսպասարկի Արգենտինայի թիմի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը։ Խմբային փուլում նրա մրցավարությամբ արգենտինացիները 2:0 հաշվով հաղթել էին Մեքսիկայի թիմին։

Արգենտինա - Խորվաթիա զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Եզրափակիչը կանցկացնի դեկտեմբերի 18-ին։ Կիսաեզրափակիչում պարտված թիմերը դեկտեմբերի 17-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։