Սանտուշ․ Ռոնալդուն դժգոհ էր, բայց ինձ երբեք չի ասել, թե ցանկանում է հեռանալ հավաքականից

17:16   9 դեկտեմբերի, 2022

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է թիմի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պորտուգալական մամուլը գրել էր, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից պահեստայինների նստարանին մնալու պատճառով։

«Ռոնալդուն դժգոհ էր, բայց ինձ երբեք չի ասել, թե ցանկանում է հեռանալ հավաքականից։ Պետք է տեսնել նրա վերաբերմունքը։ Կրիշտիանուն թիմակիցների հետ նշում էր գոլերը, շնորհակալություն հայտնում երկրպագուներին։

Ես զրույց ունեցել եմ Ռոնալդուի հետ Շվեյցարիայի դեմ խաղից առաջ։ Նրան հայտնեցի, որ 1/8 եզրափակիչի խաղին չի լինելու  մեկնարկային կազմում։ Նա դժգոհ էր, բայց նորմալ զրույց էր։ Կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումը։

Երբ խաղացողը Պորտուգալիայի հավաքականի ավագն է եւ խաղը սկսում է պահեստայինների նստարանին, նորմալ է, որ դժգոհ է։ Նա հարցրեց ինձ, թե արդյոք լավ գաղափար է։ Վստահեցնում եմ, պահեստայինների նստարանին էլ նա ոչ մի վայրկյան չի կորցրել կենտրոնացումը։

Ժամանակն է ավարտել այս թեման։ Ռոնալդուին թողնենք հանգիստ»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Marca-ն։

Պորտուգալիան շվեյցարացիներին հաղթել էր 6:1 հաշվով։ Ռոնալդուին փոխարինած 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Պորտուգալական մամուլի տվյալներով՝ Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակիչի խաղում Ռոնալդուն կլինի պահեստայինների թվում։Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։