ԱԱ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս թողեց Իսպանիային (ֆոտո, վիդեո)

21:47   6 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ խփել թիմերը չկարողացան՝ 0:0 (տեսանյութ): 

Հսկայական տարածքային առավելություն ուներ Իսպանիան (77 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն 2 հարված կատարեց դարպասին, իսկ Մարոկկոն կարողացավ 3 անգամ հարվածել դարպասին։

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Մարոկկոն՝ 3:0 (տեսանյութ)։

Իսպանիայի թիմի հենց առաջին հարվածն անհաջող էր։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Պաբլո Սարաբիան հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։ ՊՍԺ-ի երկրորդ ներկայացուցիչն էլ ձախողեց։ 25-ամյա կիսապաշտպան Կառլոս Սոլերի հարվածից հետո սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բոնոն։ Իսպանիայի երրորդ հարվածն էլ ձախողեց «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Մարոկկոյի թիմից 11-մետրանոցները հաջող իրացրեցին իտալական «Սամպդորիայի» 26-ամյա կիսապաշտպան Աբդելհամիդ Սաբիրին, Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը եւ ՊՍԺ-ի 24-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Վրիպեց միայն «Քաթար Էս Սի» ակումբի 29-ամյա պաշտպան Բադր Բենուն։

Մարոկկոն առաջին անգամ հանդես կգա քառորդ եզրափակիչում եւ կմրցի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.