ԱԱ-2022. Արգենտինան հաղթեց Ավստրալիային եւ կմրցի հոլանդացիների հետ (ֆոտո, վիդեո)

00:56   4 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը մրցեց Ավստրալիայի թիմի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց պորտուգալական «Բենֆիկայի» 34-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին։

Մեսին  իր 1000-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց, իսկ աշխարհի առաջնություններում խփեց 9-րդ գոլը՝ առաջ անցնելով Դիեգո Մարադոնայից։

5-րդ անգամ աշխարհի առաջնության մասնակցող Մեսին առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ փլեյ-օֆֆում։

57-րդ րոպեին Ավստրալիայի հավաքականի դարպասապահ, դանիական «Կոպենհագենի» 30-ամյա խաղացող Մեթյու Ռայանի սխալից օգտվեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը եւ խփեց արգենտինացիների երկրորդ գոլը (տեսանյութ

77-րդ րոպեին Ավստրալիան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Ավստրալական «Ադելաիդա Յունայթեդի» 30-ամյա հարձակվող Քրեյգ Գուդվինի հզոր հարվածից հետո գնդակը արգենտինացիների 21-ամյա կիսապաշտպան, պորտուգալական «Բենֆիկայի» խաղացող Էնցո Ֆերնանդեսից հայտնվեց դարպասում։ Գրանցվեց ինքնագոլ (տեսանյութ

Արգենտինայի թիմը քառորդ եզրափակիչում դեկտեմբերի 9-ին կհանդիպի Նիդեռլանդների հավաքականի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել ամերիկացիներին։

Խմբային փուլում Արգենտինան դարձել էր C խմբի հաղթող՝ հետ թողնելով Լեհաստանին, Մեքսիկային եւ Սաուդյան Արաբիային։ Ավստրալիան D խմբում գրավել էր երկրորդ տեղ՝ առաջ թողնելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիային եւ գերազանցելով Թունիսին ու Դանիային։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Արգենտինա - Ավստրալիա՝ 2:1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 35, Խուլիան Ալվարես, 57 - Էնցո Ֆերնանդես, 77, ինքնագոլ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.