19:04 1 դեկտեմբերի, 2022Այս արձանն իմ կյանքն ավելացրեց, մինչեւ 100 տարեկան պիտի ապրեմ, որ վայելեմ: Ինձ շատ դուր եկավ, հաճելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում բացվեց եռակի օլիմպիական չեմպիոնի կիսանդրին:
Լեգենդար մարմնամարզիկի արձանի կառուցումը վաղուց էր նախատեսված, բայց միայն այս տարի Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնեց կիսանդրու տեղադրումը եւ հարակից տարածքի շինարարական աշխատանքները մարզադպրոցի բակում: Ի դեպ, կիսադրին կառուցվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:
Կիսանդրու բացմանը ներկա էր 93-ամյա Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Հայաստանի հավաքականի անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:
Մինչեւ բոլոր հյուրերը կժամանեին բացման հանդիսավոր արարողությանը, Ալբերտ Ազարյանը երկարատեւ դադարից հետո նորից իր հարազատ մարզադահլիճում էր, իր սենյակում, որտեղից երկար տարիներ ղեկավարել է մարմնամարզության ֆեդերացիան: Այդ ընթացքում մարմնամարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, դպրոցի սաները լեգենդար Ազարյանին տեսնելու համար մոտենում էին, բարեւում, լուսանկարում, լուսանկարվում, զրուցում եռակի օլիմպիական չեմպիոնի հետ:
Դպրոցի բակում արդեն Ազարյանին դիմավորում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ լեգենդար մարմնամարզիկի հետ բացում նրա կիսանդրին: Այդ ընթացքում Ալբերտ Ազարյանը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվում է, թե նոր մարզադպրոց կառուցելիս կիսանդրին ապամոնտաժելու են տեղափոխեն, թե նորն են կառուցելու: Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ իր անունով նոր մարզադպրոց է կառուցվելու եւ այնտեղ Ազարյանն ունենալու է մեկ այլ արձան:
«Շատ մեծ տպավորություններ ունեմ: Շատ հաջողված է կիսանդրին: Սա շատ մեծ բավականություն է ինձ համար: Կյանքս մի քիչ էլ ավելացրել, մինչեւ 100 պետք է ապրեմ, որ վայելեմ: Հաճելի է, լավ ես զգում, երբ բացում ես քո արձանը: Շնորհակալ եմ բոլորից, Ծառուկյանից, Դումանյանից: Ես հոգով սիրահարված եմ Ծառուկյանին որովհետեւ նա միշտ ուշադիր է իմ հանդեպ, միշտ հետաքրքրվում է ինձանով, մեր մարզիկների կողքին է: Ինձ շատ դուր եկավ արձանը եւ տարածքը, որտեղ տեղադրվել է»,- ասաց Ալբերտ Ազարյանը:
ՀԱՕԿ նախագահը նշեց, որ Հրանտ Շահինյանի արձանի տեղադրումից հետո հաջորդ նպատակը եղել է Ազարյանի արձանի կառուցումը եւ տեղադրումը եռակի օլիմպիական չեմպիոնի մասնակցությամբ:
«Ալբերտ Ազարյանի արձակին կառուցումն իմ նպատակն է եղել: Այպիսի լեգենդների մեծարումը բոլորիս պարտքն է: Սա պետք է օրինակ լինի բոլորի համար, որպեսզի մեր լեգենդներին բոլորը ճանաչեն: Ես միշտ ուզեցել եմ այնպես անել, որ նրա հետ միասին այս արձանը բացենք, այսպիսի բան պատմության մեջ չի եղել, որ մարդը ողջ լինի եւ նրա օրոք իր արձանը բացեն: Ես խոստացա Ազարյանին, որ այս արձանը կմնա այստեղ, նրա անունով նոր մարզադպրոց կկառուցենք եւ մեկ այլ նոր արձան էլ այնտեղ կտեղադրենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ալբերտ Ազարյանի կիսանդրիի քանդակագործը Գերասիմ Շահվերդյանն է: Կիսանդրու հեղինակն ասաց, որ պատկերը լիարժեք տանալու հարցում նրան օգնել է Ալբերտ Ազարյանի թոռը:
«Առաջարկը ստացել եմ 2013 թվականից,երբ Հրանտ Շահինյանի արձանն էինք տեղադրում: Այդ ժամանակ Ազարյանը ներկա էր: Ծառուկյանն ասաց՝ Ազարյան ջան հաջորդը քոնն է:
Ինձ համար շատ հաճելի է, ասես նոր ուսանող լինեմ եւ հերթական ստուգատեսն եմ հանձնում: Ես պատկերել եմ Ազարյանին 28 տարեկանում, երբ նա առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Հիմնականում աշխատել եմ նկարներով: Խնդիրս եղել է , որ նա պատկերված լինի երիտասարդ: Բրոնզաձույլ է: Աշխատանքը տեւել է շուրջ երկու տարի: Այժմ աշխատում եմ երկրորդ տարբերակի վրա: Նոր մարզադպրոց է կառուցվելու նրա անունով, եւ ես արդեն նախագծում եմ նրա երկրորդ արձանը:
Նա ոչ մի նկատառում չի արել, չի եղել մի հատված, որ ասի՝ չեմ հավանում: Մի քանի անգամ եկել է արհեստանոց, հետեւել աշխատանքներին: Ինձ նաեւ օգնել է Ազարյանի թոռը՝ Կարենը, պատկերը լիարժեք ստանալու հարցում: Օգտվել եմ հավաքականի տղաների կազմվածքներից, որպեսզի կարողանայի ստանալ Ազարյանի կազմվածքը, կեցվածքը»,- մանրամասնեց քանդակագործը:
Սպորտային մարմնամազրության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն մրցաշրջան 2022-ի կարեւոր իրադարձությունների շարքին դասեց նաեւ Ազարյանի կիսանդրիի տեղադրումը:
«Այս տարին շատ հագեցած ստացվեց մեզ մոտ, մեծ հաղթանակներ ունեցանք՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն: Ինձ համար հաջորդ կարեւոր իրադարձությունն այս կիսնադրու տեղադրումն էր եւ բացումը: Ինձ համար, հավաքականի, բոլորիս համա մեծ պատիվ է՝ Ալբերտ Ազարյանի հետ միասին մասնակցել նրա կիսանդրու բացմանը, լինել նրա սաները, նրա մարզադպրոցի սաները: Հուզվում եմ մի փոքր, ես նույնպես այս մարզադպրոցից եմ եղել, արդեն շուրջ 45 տարի այստեղ եմ եւ ուրախ եմ, որ մենք մեր բակում արդեն ունենք լեգենդի կիսանդրին: Կրկնակի ուրախ եմ, որ նա ողջ է, մեզ հետ է եւ մասնակցեց այս արարողության»,- նշեց Հակոբ Սերոբյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.