09:54 30 նոյեմբերի, 2022Ինձ համար շատ կարեւոր էր այս չեմպիոնությունը: Իրականցրեցի մանկությանս երազանքը: Ինձ շատ պետք էր այս չեմպիոնությունը, շատ ապացուցելու բան կար բոլորին: Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված զինվորների մայրերին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:
Նոյեմբերի 26-ին Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:
18-ամյա բռնցքամարտիկը երիտասարդներում Հայաստանի չորրորդ աշխարհի չեմպիոնն է՝ Բագրատ Օհանյանից (1999), Նիկոլ Հարությունովից (2012) եւ Անուշ Գրիգորյանից (2014) հետո:
Էրիկ, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես: Հավատու՞մ էիր հաղթանակիդ:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Սա իմ երազանքն էր՝ դառնալ աշխարհի չեմպիոն: Եվրոպայի առաջնությունից հետո գլխավոր նպատակս աշխարհի առաջնության ոսկե մեդալն էր, եւ ես դա արեցի:
Բարդ տրվե՞ց ոսկե մեդալը:
Շատ լավ մարզումային փուլ էի անցել: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում մարզվում էի օրը 4 անգամ մարզիչիս՝ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Իմ առջեւ մի նպատակ էի դրել, որ պետք է այստեղ էլ ոսկե մեդալակիր դառնամ: Մարզիչիս հետ մարզումներից բացի, նաեւ առանձին էի մարզվում տանը: Ոչ մի րոպե կանգ չեմ առել, քանի որ ինձ շատ պետք էր այս չեմպիոնությունը, շատ ապացուցելու բան կար բոլորին: Գնացել էի Իսպանիա հաղթելու նպատակով եւ յուրաքանչյուր մենամարտիս այդ գիտակցությամբ էի մոտենում: Զգում էի, որ պետք է ոսկե մեդալակիր դառնամ: Մանկուց երազել էի դրա մասին:
Ոսկե մեդալի ճանապարհին 5 հաղթական մենամարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:
Աշխարհի առաջնությունում հեշտ մենամարտեր չեն լինում, թույլ մրցակիցներ չկան: Այստեղ միայն ուժեղ տղաներ են կռվում ու բոլորը գալիս են քեզ հաղթելու: Որեւէ մեկը չեմ առանձնի: Բոլորն էի բարդ էին, բայց ես կարողացա նոկաուտներով հաղթել: Ես այդպես էի որոշել. անել ամեն ինչ, հաղթել այնպես, որ մրցավարները չկարողանային հաղթանակս խլել: Այստեղ 5 մենամարտից 3-ը հաղթեցի նոկաուտով, իսկ Եվրոպայում՝ 5-ից 4-ում: Երկու առաջնություններում էլ լավագույնն էի:
Ո՞ր մենամարտից հետո հասկացար, որ մոտ ես չեմպիոնությանը:
Իրականում մինչեւ աշխարհի առաջնությունը ներքուստ գիտեի, որ կանգնելու եմ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ես զգում էի՝ Իսպանիայում իմ պատվին հնչելու է մեր ազգային օրհներգը: Իմ մարզավիճակն էր թույլ տալիս այդպիսի ինքնավստահություն ունենալ: Ես շատ լավ էի պատրաստվել, ինձ շատ լավ էի զգում ռինգում: Այնպես էի մարզվել, որ այլ տարբերակ չկար:
Եզրափակիչում հաղթեցիր վրացի բռնցքամարտիկին...
Նրա հետ ռինգում հանդիպել էի Եվրոպայի առաջնությունում: Այնտեղ նրան հաղթել էի կիսաեզրափակիչում: Նա եկել էր ռեւանշի, բայց նրա ձեռքից վերցրի ռեւանշը եւ նա վերադարձավ Վրաստան:
Ի՞նչ զգացողություններ ունեիր պատվո հարթակին արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում:
Հպարտության եւ երջանկության զգացողություններ ունեի: Հայաստանը վաղուց բռնցքամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել. դու կարողացել ես երկրիդ բերել այդ մեծ հաղթանակը: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ հայրիկիս: Նա իմ ամենամեծ մոտիվացիան է: Այս հաղթանակի մեծ մասը նրանն է, քանի որ նա ինձ շատ է օգնում, ոգեւորում, ուժ տալիս եւ հավատում իմ հաղթանակին:
Խոսքիդ մեջ ասացիր, որ շատերին ապացուցելու խնդիր ունեիր: Ո՞ւմ նկատի ունես:
Այո, իսկապես ես ապացուցելու խնդիր ունեի այն մարդկանց, որոնք ուզում էին՝ ես պարտվեի: Որոշ մարդիկ սխալ են պահել իրենց, եւ ես նրանց ապացուցելու խնդիր ունեմ: Հաղթող տղան միշտ հաղթում է: Ռինգ մտնում ես միայնակ եւ բռնցքամարտողը դու ես: Ռինգի ներսում ինքդ քեզ ապացուցելու խնդիր ունես, ռինգից դուրս բոլոր այն մարդկանց, որոնք չեն «ուզում» քեզ: Եվ ես ապացուցեցի ինչպես ինձ, այնպես էլ այդ մարդկանց: Ես չէի գնացել աշխարհի առաջնություն՝ երկու մենամարտ անելու, որպեսզի բանակից ազատվեմ: Ես գնացել էի ոսկե մեդալի համար: Ի դեպ, առիթն օգտագործելով ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը միշտ աջակցել եւ քաջալերել է ինձ սպորտում:
Եվրոպայի առաջնությունից հետո ես միշտ նշել եմ, որ հաջորդը աշխարհի առաջնության ոսկե մեդալն է: Ասացի ու արեցի: Այսպես շարունակելու եմ, անելու եմ այնպիսի բաներ, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել:
Ի՞նչ մեծ երազանք ունես մեծ սպորտում:
Մեծ նպատակներ ու երազանքներ ունեմ. ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնամ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն:
Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված զինվորների մայրերին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.