ԱԱ-2022. Ճապոնիան Բունդեսլիգայի 2 խաղացողների գոլերի շնորհիվ հաղթեց Գերմանիային (ֆոտո, վիդեո)

18:59   23 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում սենսացիան պարտություն կրեց Գերմանիայի հավաքականը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մրցեց Ճապոնիայի թիմի հետ, որը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան գերմանացիները։ 33-րդ րոպեին Գերմանիան ստացավ 11-մետրանոցի իրավունք։ «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դավիդ Ռաումի նկատմամբ կանոնները խախտեց ճապոնացիների դարպասապահ, ճապոնական «Շիմիցու Ս-Պուլսը» ներկայացնող 33-ամյա Շուիչի Գոնդան, որը 7 սեյվ կատարեց այս խաղում։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց Գերմանիայի թիմի եւ Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը, սակայն VAR-ի կիրառումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ եւ հաշիվը չփոխվեց։

Երկրորդ խաղակեսում Ճապոնիայի հավաքականը կարողացավ երկու անգամ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ 75-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանական «Ֆրայբուրգի» 24-ամյա կիսապաշտպան Ռիցու Դոանը (տեսանյութ)։ 83-րդ րոպեին ճապոնացիների հաղթական գոլի հեղինակը դարձավ գերմանական «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն (տեսանյութ)։

E խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Իսպանիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

ԱԱ-2022, E խումբ, առաջին տուր

Գերմանիա - Ճապոնիա՝ 1:2 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 35, 11մ -  Ռիցու Դոան, 75, Տակումա Ասանո, 83

Իսպանիա - Կոստա Ռիկա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.