Ո՞վ է ոգեշնչել չեմպիոնին. Տիգրան Մարտիրոսյան

10:12   25 հոկտեմբերի, 2012

Թեեւ հայրս մեծ հաջողությունների էր հասել ծանրամարտում, սակայն նա այդքան էլ կողմ չէր, որ ես զբաղվեի այդ մարզաձեւով, պատմում է Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, ով հայտնի ծանրորդ Գեւորգ Մարտիրոսյանի որդին է: Տիգրան Մարտիրոսյանը NEWS.am Sport-ի «Ո՞վ է ոգեշնչել չեմպիոնին» շարքի հերոսն է։

Մանկուց երազում էի մարզվել ծանրամարտով

«Ծանրամարտով սկսել եմ մարզվել հորս շնորհիվ: Նա բավական մեծ հաջողություններ է ունեցել այս մարզաձեւում` բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն: Տանը միշտ կիսվում էր իր տպավորություններով եւ հաջողություններով, իսկ փոքր տարիքում երեխան ինչի մասին շատ է լսում, դա էլ իրեն հետաքրքրում է: Ես արդեն փոքրուց ցանկություն ունեի դառնալ ծանրորդ: Ցանկությունս շատ մեծ էր, բայց որքան էլ զարմանալի չէ հայրս միշտ ասում էր, որ  մի քիչ էլ սպասեմ: Իրականում, նա չէր ցանկանում որ ես զբաղվեի ծանրամարտով: Իր փորձից գիտեր, թե ինչքան ծանր մարզաձեւ է սա: Այնպես ստացվեց, որ ես սկսեցի զբաղվել ծանրամարտով, երբ հայրս մահացավ: 11 տարեկան էի այն ժամանակ»:

Տիգրան Մարտիրոսյանը 2004-ին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 2008,2010-ին` Եվրոպայի չեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Տիգրանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ երկու տարի անց Անթալիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ գրավեց առաջին տեղը:

«Փոքր տարիքում հեշտ է տեղ տալ երեեւակայությանը: Ինձ թվում էր, թե կմարզվեմ եւ ամեն ինչի էլ կհասնեմ, սակայն երբ առաջին անգամ տեսա մարզադահլիճը եւ մարզվողներին, թե որքան ծանր քաշեր էին նրանք բարձրացնում, հասկացա, որ ինձ շատ դժվար է լինելու: Հաջողության հասնելու համար մեծ նվիրում եւ աշխատասիրություն է պետք: Անհամեստ թող չհնչի, բայց ես իսկապես շատ մեծ նվիրում ունեի: Ոչ մի դժվարություն ինձ չկոտրեց, որպեսզի ես հասնեմ իմ երազանքին:

Առաջին մրցաշարը, որին մասնակցեցի հուշամրցաշար էր: Ես այնտեզ զբաղեցրի առաջին տեղը: Երկրորդ մրցաշարում նույնպես հաղթեցի: Իսկ երրորդը Հայաստանի պատանիների առաջնությունն էր. ճանաչվեցի հաթող, բայց չկարողացա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ տարիքով փոքր էի»:

Մայրս երբեք չի դիտում իմ ելույթները
 
«Երկու եղբայր ունեմ: Ավագ եղբայրս ժամանակին զբաղվել է ծանրամարտով, կրտսերը հիմա նույնպես զբաղվում է: Դեռ մեծ հաջողություններ չունի, բայց հուսամ՝ ամեն ինչ առջեւում է:

Իմ մրցումներին եղբայրս միշտ կողքիս է, բայց մայրս երբեք չի նայում իմ ելույթները: Բոլոր մայրերի պես նա շատ է անհանգստանում եւ չի կարողանում դիտել դրանք: Իմ ելույթների ժամանակ բոլոր բարեկամներս, ընկերներս հավաքվում են մեր տանը եւ հենց այնտեղ բոլորով ինձ համար ցավում են»:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.