Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանն ամփոփել են աշխարհի առաջնությունը

17:02   9 նոյեմբերի, 2022

Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանն ու բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ամփոփել են աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Հայաստանը 39 տարի անց  ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզությունում: Արթուր Դավթյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի խոսքով՝ հաջորդ նպատակը օլիմպիական ոսկե մեդալն է:

«Ուրախ եմ այս մեդալի համար: Շնորհակալ եմ մեր մարզիչներին, իմ ընկերներին, հավաքականի գլխավոր մարզիչին, ֆեդերացիայի նախագահին, բոլորին, ով իր լուման ունի եւ ուրախացել է մեր հաղթանակով: Առջեւում օլիմպիական վարկանիշային տարին է: Պետք է փորձենք վարկանիշ ձեռք բերել Փարիզ-2024-ի համար: Աշխարհի առաջնությունից մեդալ չունեի, միանգամից ոսկե մեդալ եղավ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ ունեմ, պետք է ձգտենք ոսկե մեդալի: Ամեն ինչ կանենք, որ վարկանիշ ունենանք եւ պայքարենք օլիմպիական ոսկու համար»,- ասաց Արթուր Դավթյանը:

Եվրոպայի կրկնակի եւ գործող չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն էլ նշեց, որ այս աշխարհի առաջնությունը շատ զգացմունքային է եղել բոլորի համար: Նա նաեւ նկատեց, որ դեռ շարունակելու մարզվել եւ ներկայացնել Հայաստանը միջազգային մրցահարթակներում այնքան, որքան օրգանիզմը թույլ կտա:

«Ուրախ եմ, որ այս տարիքում կարողանում եմ մասնակցել մրցաշարերի եւ նվաճել բարձր հարգի մեդալներ: Կրկնակի ուրախ եմ Արթուր Դավթյանի ոսկե մեդալի համար: Այս մեդալը 39 տարվա պատմություն ունի: Երբ Արթուրը կանգնեց, միավորները տեսանք, այդ ժամանակ թիմի տղաներով տրիբունայում էին: Ու երբ հայտարարվեց նրա ընդհանուր գնահատականը, ուզում էինք այնտեղից միանգամից իջնել, գրկախառնվել: Աննկարագրելի պահեր էին:

Իմ մեդալի համար եւս շատ ուրախ եմ: Այս տարիքում, որ մնացել եմ սպորտում, իմ ընկերների, մարզիչների շնորհիվ է: Անչափ ուրախ եմ, զգացմունքներս չեմ կարողանում արտահայտել:

Այս տարիքում սպորտում մնալը գաղտնիք չունի: Մարզումների ժամանակ հասկանում եմ, որ օրգանիզմս դեռ թույլ է տալիս ծանրաբեռնվածություն: Դեռ շարունակելու եմ, շատ լավ եմ զգում ինձ: Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա չշարունակելու համար: Չեմ կարող ասել՝ որքան դա կտեւի, բայց կշարունակեմ պատրաստվել այն մրցաշարին, որը կլինի հաջորդը, այդպես շարունակ»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությունում 5 մասնակցով 2 մեդալ նվաճեց: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Դավթյանը (հենացատկ, 15.050), բրոնզե մեդալակիր դարձավ Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր, 14.733):

Նշենք, որ 38-ամյա Մերդինյանն աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է սահմանել։ Նա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում մեդալ նվաճած ավագագույն մարզիկն է պատմության մեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։