Հակոբ Սերոբյան․ Արթուր Դավթյանը այնպես բարձրացրեց մեր նշաձողը, որ պետք է կարողանանք պահել եւ ավելացնել

16:22   9 նոյեմբերի, 2022

Արթուր Դավթյանը այնպես բարձրացրեց մեր նշաձողը, որ պետք է կարողանանք պահել եւ ավելացնել: Հասնելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Հավաքականի բոլոր անդամները կփորձեն ուժերը օլիմպիական վարկանիշների համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը հավաքականի երկրորդ մարզիչ Հայկ Նազարյանի եւ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի հետ ամփոփել է Լիվերպուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը:

Հակոբ Սերոբյանի խոսքով Արթուր Դավթյանի եւ Հարություն Մերդինյանի բարձր արդյունքները տարիների նվիրված եւ թիմային աշխատանքի արդյունք են:

«Սպասել էինք այս արդյունքներին: Արդեն նշել եմ, որ սպասում էինք բայց չէինք հավատում կոնկրետ ոսկու համար: Արթուր Դավթյանը մեդալ չուներ աշխարհի առաջնությունից: Նրա տեղն ուրիշը կմտածեր՝ թեկուզ երկրորդը լինեմ, բայց Արթուրը վստահ գնաց ոսկու հետեւից: Փաստը ցույց է տալիս, որ ավելի բարձր արդյունքների կարող ենք հասնել: Ունենք սխալներ, որոնց վրա պետք է աշխատենք:

Արթուր Դավթյանի առաջին ցատկից եւ գնահատականից հասկացա, որ մենք աշխարհի չեմպիոն ենք:

Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալն ուղղակի անհավատալի է: Այս տարիքում նա արդեն պետք է չմարզվեր: Նա չպատկերացրեց իր կյանքը առանց մարմնամարզության, մարզումների, առանց մեր թիմի, մենք էլ չպատկերացրեցինք մեր թիմն առանց նրա: Մենք ունենք Համլետ Մանուկյան, ում հայրիկը Հարություն Մերդինյանի տարիքի է: Նրանք երկուսով դուրս են գալիս մրցահարթակ, ասես՝ հայր եւ որդի:

Ուղղակի հաճույք է կողքից տեսնել, թե ինչ միասնական է մեր թիմը: Հարություն Մերդինյանը թիմի ավագն է եւ իրականում այդպես էլ կա՝ նա ավագն է, դուրս եկավ մեդալ նվաճեց, բացեց ճանապարհը Արթուր Դավթյանի համար: Հարութը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ, օլիմպիական չեմպիոն էլ: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

Արթուր Ավետիսյանը 4-րդ տեղը զբաղեցրեց: Մի քանի տարի առաջ մեզ համար սա կլիներ շատ բարձր արդյունք, այսօր արդեն մեդալների կռիվ ենք տալիս: Աշխարհի առաջնությունում եզրափակիչի 4 մասնակից չէինք ունեցել: Սա էլ է պատմություն: Այս ամենը խոսում է նրա մասին, որ հայկական մարմնամարզությունն աճում է, զարգանում է: Այսպես պետք է շարունակենք եւ մեր արդյունքներն ավելի պետք է բարձրանան»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը, որը Լիվերպուլում մրցավարական հանձնաժողովում էր, խոսել է նաեւ Հայաստանի թիմի արդյունքների միջազգային արձագանքի մասին:

«Մեզ այնտեղ ասում էին՝ դուք չեք հասկանում, թե ինչ եք արել: Շատ մեծ արձագանքներ ստացանք այնտեղ միջազգային ֆեդերացիայի կողմից, մասնակից երկրների կողմից, թշնամի ազգերն էլ մեզ շնորհավորեցին: Այսօր արդեն զանգեր ունենք. ուզում են մեզ հետ համատեղ հավաքներ անցնել: Չգիտեմ՝ որտեղից են իմացել մեր պայմանների բացակայության մասին, բայց զանգում, հարցնում են, թե որտեղ ենք անելու հաջորդ հավաքը, որպեսզի միանան մեզ: Նույնիսկ գումար են առաջարկում ինձ, որ մեզ հետ հավաք անցնեն: Շատ բարձր գնահատական ենք ստացել:

Առջեւում Փարիզի Օլիմպիական խաղերն են: Թիմային պայքարում չենք լինելու: Բոլորը փորձելու են ուժերը վարկանիշների համար: Փորձելու ենք տարբեր ձեւերով: Առաջին որակավորումը հաջորդ տարվա աշխարհի առաջնությունն է: Արթուր Դավթյանը կփորձի բազմամարտում, նաեւ կպայքարի հենացատկում: Աշխարհի առաջնությունում ամեն գործիքի վրա մի տեղ վարկանիշ է տալիս: Վերջինը լինելու է աշխարհի գավաթները, նորից 4 փուլից: Այստեղ տալիս են լավագույն երկուսը յուրաքանչյուր գործիքում:

Մեր թիմն այն մակարդակին է, որ յուրաքանչյուրը կարող է վարկանիշ ձեռք բերել:

Ունենք մի խնդիր, որի մասին ցանկանում են անպայման բարձրաձայնել. վնասվածքների խնդիրը: Արթուր Ավետիսյանի վարժությունը դեռ չենք կարողանում բարդացնել, քանի որ ունի ուսի խնդիր: Վիրահատվեց, անցավ մեկ տարի, բայց դեռ լիարժեք չի վերականգնվել: Վախենում ենք բարդացնել, հանկարծ վնասվածք չստանա: Նույնը Արթուր Դավթյանի մոտ է: Ծնկի վնասվածք ունի: Դեռ շատ չի անհանգստացնում, բայց խնդիրը կա: Ես չեմ ցանկանում թերագնահատել մեր մասնագետներին, բայց մի զարմանալի փաստ կա: Ռուսաստանցի Արթուր Դալալոյանը կտրել էր աքիլեսյան ջիլը, ծնկի վնասվածք ուներ: Վիրահատվեց, երեք ամիս անց վերադարձավ մրցահարթակ ու մասնակցեց Օլիմպիական խաղերին: Սա անհավանական է: Ինչպես է հնարավոր վիրահատությունից հետո երեք ամիս անց նորից բարձրանալ մրցահարթակ եւ հաղթել: Որքանով ես գիտեմ, այս մարզիկները վիրահատվում, իրենց վնասվածքները բուժում են դրսում՝ Գերմանիայում կամ այլ երկրում: Նորից եմ կրկնում, որ չեմ թերագնահատում մեր բժշկությունը, բայց եթե կա տարբերակ ֆինանսական աջակցություն, հովանավորներ գտնվեն, մեզ ֆինանսավորեն՝ մեր այս կարգի մարզիկների վնասվածքները բուժենք արտերկրում: Ես կարող եմ հետաքրքրվել, իմանալ, թե կոնկրետ որ երկրում, որ մասնագետի մոտ են բուժվում, վիրահատվում, որպեսզի մենք էլ շուտ վերականգնվենք եւ վերադառնանք մրցահարթակ»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Հայկ Նազարյանը նկատեց, որ յուրաքանչյուր մրցաշարում Հայաստանի թիմի անդամներին վերաբերվում են ինչպես աշխարհի չեմպիոններ եւ որ իր համար հաճույք է մրցահարթակում աշխատել տղաների հետ: Նշենք, որ Լիվերպուլի մրցահարթակում մարմնամարզիկների հետ աշխատում էր հենց Հայկ Նազարյանը:

«Ես նույնպես հաճույք եմ ստանում այս տղաների հետ աշխատելիս: Գոհ եմ բոլորից: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն էլ լավ հանդես եկան, բայց նրանց վարժությունները պետք է բարդացվի մեդալների համար:

Մրցահարթակում ես եմ տղաների հետ աշխատում եւ ուղղակի հաճույք եմ ստանում. չկա ոչ մի լարվածություն, տղաներին այնպես են ճանաչում եւ ընդունում, ասես բոլորն աշխարհի չեմպիոններ են: Այդպես էլ կա: Մեր տղաները շատ ուժեղ են»,- շեշտեց Հայկ Նազարյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն անդրադարձավ մարզադպրոցի խնդրին եւ նշեց, որ 2-3 տարուց Հայաստանը կունենա նոր, միջազգային չափանիշներով մարզադպրոց «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ:

«Վերջին տարիներին հայկական մարմնամարզությունը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ լավացնում է արդյունքները: Այսօր կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ քրտնաջան աշխատանքի, նվիրվածության արդյունքում հնարավոր է ունենալ այսպիսի փառահեղ հաղթանակներ:

Մեր հաջողությունների ֆոնին մշտապես հնչում է մի հարց, թե երբ է լուծվելու մարզադպրոցի խնդիրը: Այժմ հստակ հայտարարում եմ, որ աշխատանքները կատարվում են, կա նախաձեռնություն պետության, քաղաքապետարանի կողմից: Տարածք մեզ արդեն հատկացված է: Երկու-երեք տարուց մենք ունենալու ենք միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադպրոց: Դա այլեւս իրողություն է. աշխատանքները գնում են: Չկա օդում կախված վիճակ: Այո, լինելու է:

Մեր բյուջեն վերջին տարիներին արդյունքներին համահունչ աճում է: Օրինակ, այս տարի ավելացել է 30 մլն դրամով, որով մենք մասնակցեցինք աշխարհի առաջնությանը: Եթե չլիներ այդ աջակցությունը, մենք չէինք կարողանա մեր ունեցած բյուջեով մասնակցել:

Կա պայմանավորվածություն ԿԳՄՍՆ-ի հետ, որ այս արդյունքներից հետո հաջորդ տարի ֆեդերացիայի բյուջեն շոշափելի կբարձրանա»,- ասաց Գագիկ Վանոյանը՝ խուսափելով ներկայիս բյուջեի կոնկրետ թիվը հրապարակել:

«Թվերը չեմ հիշում: Այդ մասին կարող եք հարցում կատարել ԿԳՄՍՆ-ին: Նաեւ հստակ չգիտեմ, թե որ փուլում է մարզադպրոցի շինարարությունը սկսելու աշխատանքները: Դա նույնպես հարցում կատարեք քաղաքապետարանին եւ այնտեղ կպատասխանեն»,- ասաց Գագիկ Վանոյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։