Հարություն Մերդինյան. Մրցակիցներս ուժեղ եւ հայտնի մարմնամարզիկներ էին, ավելի շատ նյարդերի պայքար էր

11:45   8 նոյեմբերի, 2022

Արթուր Դավթյանի չեմպիոնությամբ շատ ուրախացանք: Հետաքրքիր ու տպավորիչ ստացվեց, բոլորիս աչքի առջեւ դարձավ աշխարհի չեմպիոն: Անբացատրելի զգացողություններ էին: Գերազանց ցատկեր կատարեց, շատ հպարտ ենք նրանով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց սպորտային մարմնամարզության  կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի եւ գործող չեմպիոն, 38-ամյա Հարություն Մերդինյանը:

Նոյեմբերի 8-ին կեսգիշերնանց հայկական սպորտի երկրպագուները մեծ շուքով դիմավորել են Լիվերպուլից վերադարձած սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Հայաստանի հավաքականին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականի ավագը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով ցույց տվեց երրորդ արդյունքը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

«Լավ էի պատրաստվել աշխարհի առաջնությանը: Այս տարիքում եւ առհասարակ բարդ է կրկնել արդյունքները, նույն հաջողությամբ բարդ էր ինձ համար կրկնել Եվրոպայի չեմպիոնությունը: Լավ մարզավիճակում էի գտնվում Լիվերպուլի մրցահարթակում: Մրցակիցներս բավականին ուժեղ եւ հայտնի մարմնամարզիկներ էին: Ավելի շատ նյարդերի պայքար էր, ես էլ վերջինն էի մասնակցում: Վստահ էի ինձ վրա, կոնկրետ վարժությունս 100 տոկոսով կարողանում էի անել: Խնդիրս մաքուր կատարելն էր, որով էլ երրորդ տեղը զբաղեցրի:

Երկրորդ բրոնզե մեդալս աշխարհի առաջնությունում նվիրեցի անձնական մարզիչիս: Ինքն էլ շատ ուրախ է, որ այս բարդ պայքարում կարողացա մեկ անգամ էլ մեդալակիր դառնալ եւ այն նվիրեցի Սոս Սարգսյանին նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Ուզում եմ, որ մարզիչս միշտ իմ կողքին լինի, որովհետեւ ինձ ոգեւորողն ինքն է եւ շատ կարեւոր է նրա ներկայությունը:

Եթե նա օրերից մի օր չուզենա մարզադահլիճ գալ, երեւի ես էլ մարզադահլիճ այլեւս չմտնեմ»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Նշենք, որ 38-ամյա Մերդինյանն աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է սահմանել։ Նա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում մեդալ նվաճած ավագագույն մարզիկն է պատմության մեջ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։