20:11 5 նոյեմբերի, 2022Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:
Առաջին անգամ Մերդինյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:
Արդյունքների ամփոփումից եւ բրոնզե մեդալակիր դառնալուց հետո ուղիղ եթերում Հարություն Մերդինյանը ուղիղ եթերից իր անձնական մարզիչ Սոս Սարգսյանին շնորհավորեց ծննդյան առթիվ:
Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր եւ 5-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:
Քիչ անց կմեկնարկի օղակների վարժության եզրափակիչը, որտեղ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն ունի երկու մասնակից: Մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:
Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առաջին տեղով է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ, աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի նոյեմբերի 6-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.