21:00 31 հոկտեմբերի, 2022Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 31-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության որակավորման փուլը:
Հայաստանի 5 մասնակցից որակավորման փուլին արդեն մասնակցել են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակել է 14.900, որ այս պահին ամենաբարձրն է մինչ այս մասնակցածների մեջ: Լավագույն եռյակը գլխավորում են Արթուր Դավթյանը, Գաբրիել Բուրդանետեն (Ռումինիա 14.633) եւ Իգոր Ռադիվիլովը (Ուկրաինա, 14.566):
Արթուր Դավթյանը երկու ցատկերը գերազանց է կատարել եւ երկուսի դեպքում էլ 14.900 միավոր է վաստակել:
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր: Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավոր:
Բազմամարտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը վաստակել է 74, 366 միավոր՝ ազատ վարժություն - 13,000 միավոր, նժույգ թափեր - 13,000 միավոր, օղակներ - 11,866 միավոր, հենացատկ - 13,300 միավոր, զուգափայտ - 12,300 միավոր, պտտաձող - 10,900 միավոր:
Քիչ անց նժույգ թափեր վարժության որակավորման փուլում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:
Որակավորման փուլը հաղթահարած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնա մրցումային օրվա ավարտին:
Երզափակիչները տեղի կունենան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: Նոյեմբերի 5-ին կանցկացվի նժույգ թափերի, օղակների վարժությունների եւ բազմամարտի եզրափակիչները, հենացատկի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Լիվերպուլ է մեկնել Թբիլիսիից, որտեղ հոկտեմբերի 5-ից 21-օրյա ուսումնամարզական հավաք է անցել աշխարհի առաջնությունից առաջ: Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Անգլիա է մեկնել Գերմանիայից, որտեղ մասնակցում էր ակումբային մրցաշարի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.