09:09 29 հոկտեմբերի, 2022Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ: Գնում ենք դեպի Փարիզի Պարալիմպիկ խաղեր: Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեծ կազմով մասնակցենք Պարալիմպիկ խաղերին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմը Սոչիում մասնակցել է առաջին անգամ անցկացված Պարալիմպիականների ամառային խաղերին, որտեղ 9 մասնակցով նվաճել է 6 մեդալ:
Խաղերի ընթացքում Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն նաեւ ամրապնդել է համագործակցությունը Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ։ Դրա արդյունքում՝ առաջիկայում Հայաստան կժամանի հոկեյի մարզիչ եւ 10-օրյա մարզում կանցկացնի Հայաստանի պարահոկեյի հավաքականի հետ:
Պարոն Աբրահամյան, ի՞նչ մրցաշար էր Սոչիում եւ ո՞ր մարզաձեւերից է Հայաստանը մեդալներ նվաճել:
Սոչիում անցկացվեց Պարալիմպիկների առաջին ամառային խաղերը, որի նշանաբանն էր՝ «Մենք միասին ենք: Սպորտ»: Մասնակցում էինք 9 մարզիկով եւ նվաճեցինք 6 մեդալ: Խաղերին մասնակցում էին 12 երկրների 1200 մարզիկներ և 900 սպասարկող անձնակազմ: Մեր հավաքական թիմը բաղկացած էր 9 մարզիկից եւ 4 կազմակերպիչներից: Խաղերում ընդգրկված մարզաձեւերը 9-ն էին՝ թեթև աթլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարաթաեքվոնդո, սայլակներով սուսերամարտ, ֆուտբոլ՝ մանկական ուղեղային կաթված ունեցողների համար, շաշկի եւ շախմատ: Հայկական թիմը մասնակիցներ ուներ 4 մարզաձեւում՝ լող, պարաթաեքվոնդո, սեղանի թենիս եւ թեթև աթլետիկա (սայլակավազք):
Մեր մարզիկները նվաճեցին 6 մեդալ: Սմբատ Կարապետյանը սայլակավազքում երկու մրցատարածությունում նվաճեց 2 արծաթե մեդալ, իսկ Արման Սարգսյանը՝ 2 բրոնզե մեդալ. նույնպես երկու մրցատարածությունում: Տիգրան Պետրոսյանը սեղանի թենիսի զուգախաղերում դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Նաիրա Աղաբեկյանը պարաթաեքվոնդոյում բրոնզե մեդալ նվաճեց:
Ո՞ւմ կողմից էր մրցաշարը կազմակերպված, հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները նաեւ սպորտում:
Այս Խաղերը կազմակերպել էր Ռուսաստանը, չնայած նրան, որ ռուսական սպորտը պատերազմական իրավիճակով պայմանավորված պատժամիջոցների մեջ է եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից եւ անցկացնելուց զրկված է: Մեծ շուքով ամառային Խաղերն անցկացրին, որին մասնակցեց 12 երկիր: Մարտին մասնակցել էինք ձմեռային խաղերին:
Նշեցիք, որ 12 երկիր էր մասնակցում: Մրցակցության մասին ի՞նչ կասեք:
Մեծ մրցակցություն եւ մեդալային պայքար կար: Մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի լավագույն մարզիկները, որոնց մեծ մասը աշխարհի, Եվրոպայի եւ Պարալիմպիկ խաղերի չեմպիոններ էին:
Մեր մեդալակիրներ Սմբատ Կարապետյանը, Արման Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Նաիրա Աղաբեկյանը շատ լավ մասնակցություն ունեցան: Նաիրա Աղաբեկյանն Արմավիրից է, ունի ձեռքի անդամահատություն: Պարաթաեքվոնդոյում շատ լավ արդյունք գրանցեց: Նաիրան արդեն այսպիսի մեծ մրցաշարի մասնակցության փորձ ուներ: Կորոնավիրուսից առաջ Իտալիայում մասնակցել էր պարաթաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը: Այս փորձը նրան օգնեց այստեղ մեդալ նվաճել:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի թիմի մասնակցությունը: 6 մեդալը սպասվա՞ծ էր:
Հայաստանի թիմը փայլուն արդյունքներ գրանցեց: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք մասնակցել մրցաշարին: Արդյունքները գոհացնող են:
Սոչիում շատ լավ ընդունելության արժանացանք: Այնտեղ մեզ այցելեց Կրասնոդարի երկրամասում Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը: Այցելություն ունեցանք նաեւ Սոչիի Օլիմպիական ակադեմիա: Հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող հայ մարզիկներին ուղարկելու այնտեղ սովորելու, եթե ցանկացողներ լինեն:
Հանդիպումներ ունեցանք նաեւ Ռուսաստանի սպորտի նախարարի եւ պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ: Մի շարք քննարկումներ ունեցանք: Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ խորացված համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Պատրաստ են բոլոր հարցերով մեզ օգնել: Նշեմ, որ Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեն հանդիսանում է աշխարհի ուժեղագույն կոմիտեներից մեկը: Ունեն շատ բարձր կարգի մասնագետներ եւ պատրաստ են մեզ աջակցել բոլոր հարցերում: Մասնավորապես, պայմանավորվեցինք հոկեյի ռուս մարզիչի հետ համագործակցություն: 10 օրով Հայաստան կգա ռուս մարզիչ, որը մեր թիմին կօգնի պատրաստվել դեկտեմբերին Թաիլանդում անցկացվելիք C խմբի աշխարհի առաջնությանը:
Իսկ Խաղերին պետական ֆինանսավորմամբ եք մասնակցե՞լ, թե՞ սեփական միջոցներով:
Այս մրցաշարին պետական աջակցությամբ չենք մասնակցել: Մեզ օգնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի միջոցներով:
Պարոն Աբրահամյան, որ մարզաձեւերում Հայաստանը մարզիկներ չունի, ո՞ր մարզաձեւերը զարգացած չեն հաշմանդամային սպորտում:
Տարբեր մարզաձեւեր կան, որ ներկայացուցիչներ չունենք: Այս պահին, օրինակ, չունենք նետաձգություն: Մարզաձեւերը զարգացնելու համար ֆինանսական միջոցներ են պետք, որպեսզի կարողանանք թիմ հավաքել, մարզումներ կազմակերպել եւ մրցաշարերի մասնակցել:
Ի՞նչ մրցաշարեր ունեք առաջիկայում:
Մասնակցելու ենք պաուերլիֆթինգի Դուբայի գավաթին: Սոչիի Խաղերից առաջ մասնակցեցինք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվեց Թբիլիսիում: Այնտեղից էլ վերադարձանք բրոնզե մեդալով: Մեր հայտնի մարզիկ, պարալիմպիկ Գրետա Վարդանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրեց, նրա սանը բրոնզե մեդալակիր դարձավ:
Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում, արդեն մոտավորապես պա՞րզ է, թե որ մարզաձեւերում կպայքարեք վարկանիշների համար:
Արդեն ունենք ճանապարհային քարտեզ: Մեզ օգնում է նաեւ ԿԳՄՍ նախարարությունը, աջակցում է ֆինանսական հարցերով, որպեսզի պատշաճ նախապատրաստական փուլ անցնենք, վարկանիշային մրցաշարերի մասնակցենք: Քայլ առ քայլ գնում ենք մեր նշանակետին: Օրինակ՝ Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնության մասնակցությունը պետական բյուջեով նախատեսված չէր, բայց նախարարությունն ընդառաջեց մեզ եւ ֆինանսավորեց:
Փարիզ-2024-ի համար ո՞ր մարզաձեւերի վրա շեշտը կդնեք:
Օլիմպիական վարկանիշների համար կպայքարենք ծանրամարտում, բայց զուգահեռ նաեւ փորձում ենք առաջ տանել պարաաթլետիկան եւ լողը: Լողում ունենք երկու աղջիկ եւ մեկ տղա: Ամեն ինչ կանենք, որ հաջորդ տարի վարկանիշային մրցաշարերի մասնակցեն եւ Պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք նվաճեն: Ամեն ինչ անելու ենք, որ մեծ կազմով մեկնենք Փարիզ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.