Հաբեթնակ Կուրղինյան․ Մ23 ԱԱ-ի արդյունքներից գոհ եմ, բայց կարող էինք ավելին

13:21   26 հոկտեմբերի, 2022

Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքներից գոհ եմ, բայց կարող էինք ավելին: Մեդալների ակնկալիք ունեի Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանից, բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ ամփոփելով Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացված աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

«Աշխարհի առաջնության արդյունքները գոհացնող են, բայց ունեինք ավելին անելու հնարավորություն: Վերադարձանք երեք մեդալով, որից երկուսը ոսկե: Ունեինք մարզիկներ, որոնք հնարավորություններ ունեին մեդալ նվաճել, բայց չկարողացան: Մասնակիցներից մի քանիսից մեդալների ակնկալիք ունեինք: Մանվել Խնձրցյանից, Արման Անդրեասյանից էի սպասում, բայց չկարողացան մեդալ նվաճել: Կարծում եմ՝ մեր տղաներին այսպիսի մրցաշարերի մասնակցության փորձ է պակասում:

Տղաների արդյունքներից գոհ եմ, բայց յուրաքնաչյուրի գոտեմարտերում կային թերություններ: Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը ունեին սխալներ: Արման Ավագյանը եւս իր թույլ տված սխալի պատճառով պարտվեց մեկնարկում:  Այս տղաները  դեռ  մեծ աշխատանք ունեն կատարելու մեծահասակների հավաքականում պայքարելու համար: Արման Ավագյանը կարող էր հաղթել մեկնարկային գոտեմարտում, որում պարտվեց: Պարտության դեպքում հեշտ է թերությունները տեսնել: Բարդ է հաղթանակների դեպքում խնդիրները տեսնել, բայց ունենք խնդիրներ, պետք է լուծենք: 23 տարեկանները կարեւոր տարիք է: Դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Մինչեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մեկնարկը կհասկանանք ովքեր, որ քաշային կարգերում են պայքարելու վարկանիշների համար:

Աշխարհի առաջնությունից հետո ժամանակը կարճ էր, բայց դա մեզ չխանգարեց, որ լավ մարզավիճակում հնադես գանք Իսպանիայում: Այս տղաները երիտասարդներ են, շուտ են վերականգնվում:

Այս մրցաշարով մրցումային տարին ավարտեցին: Կանցկացնենք Հայաստանի առաջնություն եւ հունվարից կսկսենք հաջորդ մրցումային տարին»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը աշխարհի Մ23 առաջնությունում նվաճեց երեք մեդալ՝ 2 ոսկե, 1 բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը (61 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (65կգ), բրոնզե մեդալակիր՝ Արման Ավագյան (79 կգ):

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։