Մ20 ԵԱ. Լիանա Գյուրջյանը՝ չեմպիոն, Էմմա Պողոսյանը՝ փոխչեմպիոն

16:42   22 հոկտեմբերի, 2022

Մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը (81 կգ) երրորդ անգամ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը:

Ալբանիայում շարունակվող առաջնությունում կանանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Լիանա Գյուջյանը Եվրոպայի Մ20 չեմպիոն էր դարձել նաեւ 2019 Բուխարեստում եւ 2021 թվականին Ֆինլանդիայում: Ալբանիայի մրցահարթակում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 223 կգ (98+125), Էմմա Պողոսյանը՝ 215 կգ (94+121):

Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 91 կգ-ով, երկրորդ փորձով պոկեց 95, ապա 98 կգ: Այս վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Էմմա Պողոսյանը առաջին մոտեցմամբ պոկեց 90 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրված 94 կգ-ը ձախողեց, երրորդ մոտեցումով հաջողությամբ գլխավերեւում պահեց 94 կգ-ը: Այս վարժությունում Պողոսյանն արժանացավ նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Հրում վարժությունում Գյուրջյանը հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ հրելով 115 կգ, 120 կգ եւ 125 կգ: Հայ մարզուհին նվաճեց հրում վարժության փոքր ոսկե մեդալը եւս:

Էմմա Պողոսյանը նույնպես հաջող հանդես եկավ հրում վարժությունում: Նա հրեց 109, ապա 116 եւ 120 կգ եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Մինչեւ 20 տարեկանների 81 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մուրգվլիանին երկամարտում գրանցելով 201 կգ արդյունք (94+107):

Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականները նվաճել են 5 մեդալ՝ երեք ոսկի, երկու բրոնզ: Մ20 չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ),  բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ). երկունս էլ մինչեւ 20 տարեկանների պայքարում:

Հոկտեմբերի 22-ին մրցահարթակ դուրս կգա նաեւ Գարիկ Կարապետյան (96 կգ, Մ20) եւ Արա Աղանյան (96 կգ, Մ23):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։